«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2010-01-22 | #10, 2010-01-23 | #11, 2010-01-26


ԵԽԽՎ-Ի «ՈՉ»-Ը` ԱՌԱՆՑ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ստրասբուրգում լիագումար նիստի մեկնարկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ, տարբեր երկրների պատվիրակությունների լիազորությունների հաստատման սովորական ընթացակարգային գործընթացում առայժմ ժամանակավոր նիստին մասնակցությունից դուրս է թողել հայկական եւ ալբանական պատվիրակություններին` չհաստատելով մանդատները: Հայկական պատվիրակության մանդատները վիճարկվել են ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության բյուրոյի կողմից:

Եթե Ալբանիայի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել այն պատճառաբանությամբ, թե այդ երկրի պատվիրակությունը «չի համապատասխանում եվրոպական արժեքներին», ապա Հայաստանի պարագայում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի հաստատել Հայաստանի պատվիրակության լիազորությունները` վերջինի փոփոխված կազմի պատճառով:

Լիազորությունների քննարկման ընթացքում խորհրդարանականները Հայաստանի պատվիրակության առնչությամբ հայտարարել են, որ «Հայաստանի խորհրդարանը մեքենայությունների է դիմել պատվիրակությունը ձեւավորելիս»` չարաշահելով պատվիրակության ձեւավորման կանոնները:

Որեւէ պարզաբանում չի տրվել, սակայն առանց այդ էլ հասկանալի է, որ խոսքը խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին պատվիրակության մշտական կազմից հեռացնելուն է վերաբերում, ինչն էլ հարուցել է ԵԽԽՎ խորհրդարանականների դժգոհությունը: Փոստանջյանի փոխարեն Ստրասբուրգ է մեկնել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը հաստատվել էր հունվարի 15-ին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից: ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից հանել էր ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել եւ չկազմակերպել նրա գործուղումները` որոշումը պատճառաբանելով նաեւ միջոցների սղությամբ: «Ժառանգություն» կուսակցության տեղեկացմամբ, սակայն, Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ստրասբուրգ հենց ԵԽԽՎ ֆինանսավորմամբ:

Հունվարի 25-29 տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին առնչվող ոչ մի հարց չի քննարկվելու ըստ օրակարգի: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ուշ երեկոյան մանդատների հարցը պետք է քննարկվեր «Ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողովում: Միեւնույն ժամանակ որոշում է կայացվել, որ համապատասխան հանձնաժողովը զեկույց կպատրաստի Հայաստանի եւ Ալբանիայի վերաբերյալ, որ կքննարկվի հինգշաբթի:

Փոստանջյանին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հիմնական անդամի կարգավիճակից զրկելու կապակցությամբ Հայաստանում բազմաթիվ դիմում-բողոքներ էին հղվել ԵԽԽՎ: Երեկ ժամը 13.30-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը, կուսակցության երիտասարդներն, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, մասնակցել են «մարտի 1-ի» զոհերի հարազատների` ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացրած բողոքի ակցիային:

«Մարտի 1-ի» զոհերի հարազատներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին` ընդդեմ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման», նշվում է կուսակցության հաղորդագրությունում:

Իրենց բողոքի նամակն ու պահանջը ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին են փոխանցել զոհերի հարազատներից երկուսը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում գրասենյակի ղեկավարները, լսելով զոհվածների ծնողների եւ «Ժառանգության» ներկայացուցչի պահանջը, խոստացել են նամակը փոխանցել ԵԽԽՎ ղեկավարությանը: Ակցիային նաեւ մասնակցել են մի շարք ՀԿ-ների, ինչպես նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4