«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2010-01-22 | #10, 2010-01-23 | #11, 2010-01-26


ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ` ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԻՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել արդեն նախկինում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մավլութ Չավուշօղլուն: Նա միակ թեկնածուն էր այդ պաշտոնում, որ եւս ստացավ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը քվեարկության տեսքով:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկու տարի է: ԵԽԽՎ նախկին նախագահն էր Իսպանիայի ներկայացուցիչ Լուիս Մարի դե Պուչը:

Չավուշօղլուն ծնվել է 1968-ին: Վեհաժողովում է 2003 թվականից: Այստեղ նա «Եվրոպացի դեմոկրատների» խմբի անդամ է: Նախկինում աշխատել է ԵԽ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման պարտադրման հարցերով մոնիտորինգի հանձնաժողովում եւ իրավունքների հանձնաժողովում:

ԵԽԽՎ նորընտիր ղեկավարն արդեն երեկ արտահայտվել է ղարաբաղյան հարցի առնչությամբ, նշելով, թե հակամարտության կարգավորումը կարեւոր հարց է Եվրոպայի համար: «Դա մի հարց է, որ սպասում է իր լուծմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահող երկրներն ու Շվեյցարիան շարունակում են իրենց ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ», հայտարարել է Չավուշօղլուն:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա պայմանավորվածություններին, ապա Չավուշօղլուն հայտարարել է, թե դա էլ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում: «Մենք, ինչպես եւ ԵԽԽՎ-ն, կանենք մեզնից կախված ամեն ինչ խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու համար: Պատերազմը մեր մայրցամաքում խնդրի լուծման ուղի չէ», նշել է ԵԽԽՎ նորընտիր ղեկավարը:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի հոկտեմբերի մեկին, որպես թուրքական պատվիրակության ղեկավար, Մեվլութ Չավուշօղլուն բացառիկ հարցազրույց էր տվել «Ազգին»` բավականին մանրամասն անդրադառնալով հայ-թուրքական, այդ պահի դրությամբ, նախաստորագրված Արձանագրություններին: Որքան էլ հետաքրքրական է, սակայն Չավուշօղլու կանխատեսումները հայ-թուրքական արագ զարգացումների առնչությամբ, ու լավատեսությունը, հարցը երկու խորհրդարաններում արագ քննարկելու մասով, դեռեւս չեն էլ մոտեցել հավանական իրականացմանը:

Հարցազրույցում հարցին, թե ինչպիսին կարող են լինել Թուրքիայի խորհրդարանում հարցի քննարկման ժամկետները, Չավուշօղլուն պատասխանել էր. «Թուրքիայի խորհրդարանում այդ հարցի քննարկումը, կարծում եմ, շատ թեժ կլինի, բայց կտեւի առավելագույնը 1-2 օր»: Իսկ Արձանագրությունները դեռեւս խորհրդարանական օրակարգ էլ չեն մտել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4