Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը 40 տարվա պատմություն ունի: Հիմնադրվել է 1969 թվականին, երբ Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի կրթօջախները մանկավարժական կադրերով ապահովելու եւ միաժամանակ Հայաստանի մանկավարժների հեռակա ուսուցումը Կիրովականում կազմակերպելու նպատակով:
Հունվարի 20-ը տոնական էր ՎՊՄԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, նաեւ բուհի բարեկամների համար. հանդիսավորությամբ նշվեց ինստիտուտի 40-ամյակը: Հանդիսությունը տեղի ունեցավ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Տոնին մասնակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը, ՀՀ բուհերի հանրապետական արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի, Գյումրիի, Գավառի մանկավարժական ինստիտուտների, այլ բուհերի ղեկավարներ, պաշտոնյաներ: Հանդիսությանը մասնակցում էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ՎՊՄԻ-ի կառավարման խորհրդի նախագահ, Վանաձորի տարածքային հարկային տեսչության պետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ եւ ուրիշներ:
Միջոցառումն սկսվեց ֆիլմով, որը ներկայացնում էր բուհի 40-ամյա պատմությունը, այնուհետ հնչեց ՀՀ պետական օրհներգը, որին հաջորդեց ՎՊՄԻ-ի օրհներգը: Նշենք, որ այն հնչում էր առաջին անգամ: Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը :
- Մենք հպարտանալու առիթ ունենք, քանզի մի հաստատության հիմնադրման 40-ամյակ ենք նշում, որտեղ կրթվել են շուրջ 22 հազար հայորդիներ,- ասաց նա: -Այս բուհի դասախոսները եւս դարձել են մեր պետականության կառուցողները: Եսՙ իբրեւ հոգեւորական, ուրախ եմ, որ ազգովին գիտակցում ենք, թե որքան կարեւոր են կրթությունն ու գիտությունը:
ՎՊՄԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը ներկայացրեց բուհի ունեցած ձեռքբերումները, խոսեց նաեւ խնդիրների մասին: Նա նշեց, որ բուհում գործում է եռաստիճան կրթական համակարգ, որտեղ ուսանում են 5042 բակալավր, 156 մագիստրանտ եւ մեկ տասնյակ ասպիրանտ: Գիտական գործընթացն իրականացնում են 5 ֆակուլտետներ ներկայացնող 22 ամբիոններըՙ թվով շուրջ 400 դասախոսով, ովքեր ներկայացնում են ինստիտուտի տարեգրությունըՙ սկսած հիմնադրման առաջին իսկ օրվանից:
- Վստահաբար կարելի է ասել, որ մեր բուհը երեկվա, այսօրվա եւ վաղվա մտավորականության գլխավոր դարբնոցն է մեր մարզում,- ասաց Գ. Խաչատրյանը:-
ՎՊՄԻ-ի ռեկտորը նշեց, որ անցած չորս տասնամյակների ընթացքում բուհի աշխատակիցների հեղինակությամբ լույս են տեսել շուրջ 130 մենագրություն, 110-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ եւ 3600-ից ավելի գիտական հոդվածներ: Գիտության թեկնածուի աստիճանի են արժանացել 82, դոցենտի գիտական կոչմանՙ 79 աշխատակից, դոկտորի գիտական աստիճանի են արժանացել 13, պրոֆեսորի գիտական կոչմանՙ 10 աշխատակից,- ավելացրեց Գ. Խաչատրյանը:
Նշվեց նաեւ, որ Վանաձորի հանրակրթական դպրոցների ուսուցիչների 72 տոկոսը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են, Լոռու մարզի տարածքում նրանք կազմում են 56 տոկոս: Ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասաց Արմեն Աշոտյանը: Նա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից ՎՊՄԻ-ի 40-ամյակի առիթով ու կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի «Ոսկե հուշամեդալ» հանձնեց Գուրգեն Խաչատրյանին, ՎՊՄԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Թումանյանին, ՎՊՄԻ-ի բուսաբանության եւ աշխարհագրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Եդոյանին, ՎՊՄԻ-ի ռեկտորի խորհրդական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Շվայց Սահակյանին, 4 դասախոս պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Հուշամեդալների եւ պատվոգրերի հանձնման արարողությունը շարունակեց Ս.Մինասյանը: ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրվեցին ՎՊՄԻ-ի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը եւ ՎՊՄԻ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Պողոսյանը: 6 դասախոս պարգեւատրվեց ԿԳ նախարարության պատվոգրով, եւս 6-ըՙ շնորհակալագրով:
Հանդիսության մասնակիցներին ողջունեց եւ բուհի հիմնադրման 40-ամյակը շնորհավորեց մարզպետ Արամ Քոչարյանը ՙ մասնավորապես նշելով. «Ես վանաձորցի եմ եւ տեսել եմ, թե ինչպես են հաղթահարվել բուհի առջեւ դրված խնդիրները: Հպարտ եմ, որ բուհն անընդհատ զարգացում է ապրում: Անցած տարիները դժվարությունների եւ ձեռքբերումների տարիներ են եղել: Շնորհակալ եմ, որ ուսանողին կրթում եւ լավ մասնագետ եք դարձնում, շնորհավորում եմ»: Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանը նույնպես շնորհավորեցՙ ասելով. «Պատիվ ունենք շնորհավորելու Մեծն Լոռեցու անունը կրող ինստիտուտինՙ 40-ամյակի կապակցությամբ: Նշեմՙ ինստիտուտը ոչ միայն գիտական ու կրթական, այլեւ հասարակական եւ մշակութային հզոր դարբնոց է»:
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասացին նաեւ Արամ Սիմոնյանը , Սուրեն Աղբալյանը : Նրանք իրենց բուհերի կողմից ոսկե մեդալներ հանձնեցին Գ. Խաչատրյանին:
Հանդիսության ժամանակ շնորհավորանքի ու ողջույնի խոսքերը զուգակցվում էին երգ ու պարովՙ մասնակցությամբ ՎՊՄԻ-ի ուսանողների: Բուհի շրջանավարտ, «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը հանդես եկավ ողջույնով եւ բուհին երգ նվիրեց:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտը վկան էր նրա, որ գրանցված հաջողություններից մեկն էլ հասարակության հարգանքն ու վստահությունն է բուհի նկատմամբ:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր