Հայաստանից հեռանում են լավ կյանքի հույսով, իրականությունը, սակայն իր պայմաններն է թելադրում
«Ինչպե՞ս կարող եմ Հայաստան հասնել: Որտե՞ղ կարող եմ փոխել տոմսս», կոտրատված իսպաներենով օդանավակայանի տեղեկատվական կենտրոնի աշխատակցից փորձում էր ճշտել 40-ամյա մի տղամարդ: Հուզված էր եւ շփոթված:
Մեկ տարի Իսպանիայում աշխատելուց հետո տուն էր վերադառնում: Ձյան պատճառով Իսպանիայում հետաձգել էին թռիչքը, ինչի պատճառով Ֆրանսիա հասնելուց հետո չէր հասցրել Երեւան մեկնող օդանավին:
«Ոչնչով չեմ կարող օգնել: Ստիպված եք սպասել հաջորդ թռիչքին, այն մեկ շաբաթից է», սառը հայացքով պատասխանեց օդանավակայանի աշխատակցուհին, ինչն Էդգար Հովհաննիսյանի (անունը փոխված է) համար նշանակում էր, որ նա ստիպված էր մեկ շաբաթ ապրել օդանավակայանում: Ամիսների աշխատանքի արդյունքը բավարար չէր, որ Էդգարն իրեն թույլ տար մեկ շաբաթ ապրել Փարիզի հյուրանոցներից մեկում: «Նվազագույն գինը հյուրանոցում 40 եվրո է: Այն գումարը, որ պետք է ծախսեմ հյուրանոցում գիշերելու համար, ընտանիքիս կբավարարի մեկ ամիս», պատմեց Էդգարը:
Իսպանիայում աշխատում է արդեն վեց տարի: Պատմում է, որ սովորաբար բնակարանը վարձում են ընկերներով: Մեկ բնակարանում ապրում են տաս ընկերով, համաձայնում են ամեն աշխատանքի եւ խնայում յուրաքանչյուր դրամը: «Ես դեռ հաջողակ եմ, քանի որ կեցության իրավունք ունեմ: Ընկերներ ունեմ, ովքեր ապրում են առանց կեցության իրավունքի եւ չեն կարողանում տուն վերադառնալ», ասաց Էդգարը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը 2001-ից իրականացնում է հետազոտություն` փորձելով պարզել Հայաստանի սոցիալական պատկերը: Վերջին հետազոտությունը 2008 թվականին էր 7872 տնային տնտեսությունների շրջանում: Պարզվել է, որ արձանագրվում է արտաքին միգրացիայի տեմպերի նվազում: ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժինները ծառայությանն են տրամադրել բնակիչների գրանցումից դուրսգրման տվյալները: «2008-ին այդ ցուցանիշը կազմել է 6700 մարդ: 2007-ին, ոստիկանության տվյալների համաձայն, Հայաստանից մեկնել էր 7500 մարդ: Այս տվյալներն ամբողջական չեն, սակայն արտացոլում են ընդհանուր պատկերը: Մեկնում են հիմնականում աշխատանք փնտրելու եւ աշխատելու նպատակով, ընդ որումՙ նվազել են աշխատանք փնտրելու նպատակով մեկնողները, ինչը նշանակում է, որ մարդիկ հեռանում են հստակ իմանալով, թե ուր եւ ինչու են գնում», ասաց վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Թամարա Ներսիսյանը (անունը փոխված է) 24 տարեկան է, ունի մշտական համարվող աշխատանք, սակայն որոշել է հեռանալ Հայաստանից եւ ապրել այլ երկրում: «Որոշել եմ ապրել եվրոպական երկրներից մեկում: Որոշ ժամանակ ապրել եմ Եվրոպայում եւ հայրենիք վերադառնալուց հետո հասկացել եմ, որ չեմ ուզում Հայաստանում ապրել: Այստեղ առաջխաղացման հնարավորություն չկա: Ճամփորդել այլ երկիր գրեթե անհնար է: Ուզում եմ ապրել բարեկեցիկ կյանքով, իսկ Հայաստանում աշխատում ես տարիներ շարունակ եւ որեւէ արդյունքի չես հասնում», ասաց Թամարան:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի կարծիքովՙ Հայաստանից մեկնելը դժբախտություն չէ, եթե գիտեն, թե ուր եւ ինչու են գնում: «Հեռացողներից շատերը հստակ չեն գիտակցում, թե իրենց ինչ է սպասում: Մեկնելուց առաջ հարկավոր է իմանալ տվյալ երկրի օրենսդրությունը, հակառակ դեպքում նրանք կհայտնվեն անօրինական միգրանտների կարգավիճակում», ասաց Գագիկ Եգանյանը: Միգրացիոն ծառայությունում գործում է թեժ գիծՙ 264163 հեռախոսահամարով, տեղեկատվություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հեռանալ:
«Նախ եւ առաջ նշում ենք, որ հեռանալուց առաջ խուսափեն անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնվելու հեռանկարից: Անօրինական միգրանտին լավագույն դեպքում կարող են արտաքսել երկրից, վատագույն իրավիճակում կարող են ենթարկել թրաֆիկինգի», ասաց թեժ գիծ ծառայության օպերատոր Վիկտորիա Հովհաննիսյանը :
Արտերկրում սպասվող աշխատանքային դժվարություններից լեզվաբան Նարինե Մինասյանը (անունը փոխված է) չի վախենում: Ավելին, վստահ է, որ կկարողանա հաջողության հասնել ԱՄՆ-ում: Հենց այդ երկիրն է որոշել արտագաղթել: «Հայաստանում աշխատում եմ շաբաթական վեց օր, յուրաքանչյուր օրՙ տասներկու ժամ, եւ անգամ այդ դեպքում չես կարողանում քեզ թույլ տալ կիրակի օրերին ինչ-որ տեղ գնալ եւ հանգստանալ: Հայաստանում հաջողության հասնելու համար աշխատելու ցանկությունն ու ունակությունը բավարար չեն», ասաց Նարինեն:
Հոգեբան Գոհար Պողոսյանը նշում է, որ մինչեւ 35 տարեկան մեկնելու դեպքում այլ հասարակությունում ինտեգրվելն ավելի դյուրին է լինում, հատկապես եթե հաջողություն են ունենում աշխատանքում կամ ուսման ոլորտում: «Մեծ նշանակություն ունի, թե մարդ ինչ հույսերով է հեռանում Հայաստանից: Եթե գնում է մեծ ակնկալիքներով եւ հաջողության չի հասում, այդ դեպքում օտարության եւ միայնության զգացում է ունենում, որին էլ գումարվում է կարոտը», նշեց Գոհար Պողոսյանը:
Արմեն Մուրադյանը Աթենքում է ապրում արդեն երկու տարի: 29 տարեկան է, ոսկերիչ: Դեռ չի որոշել` ուզում է ապրել Հունաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում: Աթենքում մշտական աշխատանք չունի: «Հայաստան ուզում եմ վերադառնալ, շատ եմ կարոտել: Սակայն մշտապես ապրել Հայաստանում չեմ ուզում, թեպետ Հունաստանում էլ կեցության իրավունք չունեմ եւ դժվար է աշխատանք գտնելը: Հայաստանում հաջողության հասնելու հավատ չունեմ, Հունաստանում էլ օտար եմ զգում», ասաց Արմենը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ