ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սիրում է երբերմն-երբեմն մտերիմների շրջանում ասել, որ ինքը չի պատրաստվում վերադառնալ մեծ քաղաքականություն, բացառությամբ այն դեպքի, երբ ղարաբաղյան հարցում վատ զարգացումներ լինեն: Այս խոսքն ասողը կամ ինչ-որ բան գիտի այդ վերապահումն անելու համար, կամ ուղղակի նախկին նախագահ լինելով` նրա իրազեկվածության մակարդակը թույլ է տալիս ճշգրիտ եզրահանգումներ անել ղարաբաղյան կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ: Այսպես թե այնպես` այն տեղեկատվությունը, թե Ռ. Քոչարյանը վերջերս մեկնել է Իրան, քաղաքական ցունամի առաջացրեց մի շարք լրատվամիջոցներում` բազմաթիվ «խորագետ» վերլուծությունների թեմա դառնալով: Մեր կողմից ենթադրենք, որ ե՛ւ ներկա նախագահը, ե՛ւ Հայաստանի երկու նախկին նախագահները պաշտոնի բերումով պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ այնքան գաղտնիքների են տիրապետում, որ պետության համար նեղ պահերին գործող նախագահը նրանցից յուրաքանչյուրին կարող է ինչ- որ բան հանձնարարել, եւ սրա մեջ որեւէ արտառոց բան չկա, ուղղակի Հայաստանում է այդ բոլորն արտառոց ընկալվում: Եվ բոլորովին էլ զարմանալի չպիտի համարել, որ մեր հարավային հարեւանի հետ տարածաշրջանային նուրբ խնդիրներ եւ գնալիք ճանապարհ քննարկվեն կոնկրետ դեպքում Հայաստանի երկրորդ նախագահի մակարդակով: Իսկ անկախ միմյանց հանդեպ տածած քաղաքական խանդից` մեզ կրկին թույլ ենք տալիս ենթադրել, որ ներկա եւ նախկին նախագահներ Սարգսյանն ու Քոչարյանն այնքան երկար են միասին եղել, որ նրանց «մրցակցությունը» միայն արտաքին երեւույթ կարող է ունենալ, իսկ խորքում նրանք կամա-ակամա պարտադրված են միմյանց աջակցելու կամ Հայաստանի հատկապես արտաքին, եւ ինչու չէ` նաեւ ներքին քաղաքականության տարբեր ուղղությունները հավասարակշռելու: Ուղղակի մինչեւ այժմ դա չերեւացող կամ չակտիվացած գործընթաց էր:
Սակայն այստեղ կարելի է անդրադարձ անել Քոչարյանի «եթե-ապային»: Արդյո՞ք ղարաբաղյան բանակցություններում զարգացումները կարող են ընթանալ վատ սցենարով, կամ այլ կերպ դնենք հարցը` արդյո՞ք այնքան է արագացել պրոցեսը, որ 2010-ին կարող է լուծում ակնկալվել, եւ անգամ կարող է Ադրբեջանին թվալ, որ այդ լուծումն ի նպաստ իրեն չէ, ու շարունակ գլուխ տանել լուծման ռազմական ուղու մասին. համենայն դեպս` Ադրբեջանի պաշտոնյաների արած վերջին` «այլընտրանքային ուղու» մասին հայտարարությունները, ինչքան էլ արարողակարգային, կարող են կապ ունենալ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հետ: Հայաստանի պարագան եւս նույն վիճակում է:
Սակայն եթե ընդունենք, որ տարածաշրջանի գլխավոր խաղացող բոլոր պետությունների շահերը միմյանց հետ բոլորովին չեն համընկնում կամ տեսականորեն կարող են համընկնել մասամբ, սա մեր քաղաքականներին ենթադրելու հիմք է տալիս, որ խնդրի ստատուս քվոն երկար կպահպանվի:
Սակայն դա չի նշանակում, որ չկա հարցը`արդյո՞ք մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որն Ադրբեջանին ավելի վաղ էր տրված, Հայաստանին` ընդամենը օրերս, եւ որի նախաբանը Սոչիում համաձայնեցրին, կարող է այնքան վատ դրույթներ պարունակել երկու պետությունների պատուհաններից էլ. ասենք խաղաղապահների հարցը` «ո՞վ» -ի համատեքստում (Իրանին մոտիկ տարածքում օտար զորքերի մասին Քոչարյանի ասածը` Իրանում), փաստորեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը եւ էլ ով ասես, բայց այդ 4-ը նախ, գլխավոր խաղաղապահներն են ուզում լինել, ընդ որում նրանցից ոչ մեկը անվերապահ չի վստահում մնացած երեքին: Ռուսաստանին պե՞տք է ներկա լինել այստեղ (նախատեսվող միջանցքում), դա Հայաստանի համաձայնությամբ եղա՞վ` լավ, Ադրբեջանի համաձայնությամբ լինի` էլի լավ: Կամ տարածքներ վերադարձնելու խնդիրը` ինչի՞ դիմաց ի՞նչ է վերադարձվելու, եւ ստացողը դրա դիմաց ի՞նչ է տալու: Այսինքն` մեծավ մասամբ եւ, հատկապես, մեր քաղաքական դաշտն այս բոլոր հարցերի պատասխանը չգիտե, եւ դրա համար էլ ոչ ոք չգիտե, այս տարի ղարաբաղյան հարցի լուծումը մո՞տ է, թե ինչպես երկար տարիներ է եղել, էլի ձգվելու է անվերջ:
Այդ հարցին, իհարկե, ոչ ոք միանշանակ չի կարող պատասխանել, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ հունվար ամսին մի աննախադեպ ակտիվություն է Հայաստանի շուրջը` մեկը մյուսի հետեւից երկիր են գալիս տարբեր պետությունների բարձր պաշտոնյաներ, ու թեեւ բարձրաձայն ասվածից շատ բան չի կարելի գուշակել, սակայն պարզ է, որ տարբեր դիվանագիտական ձեւակերպումների տակ թաքնված է հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրների հետաքրքրությունը:
Ռուսական ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական Արձանագրությունների շուրջը հատկապես հունվարին շատ լավ արտածվեց` նկատվում է, որ Ռուսաստանը վերջնականապես ուզում է ստանձնել այս գործընթացների կարգավորումը հովանավորողի դերը, ճիշտ է` ԱՄՆ-ի թողտվությամբ եւ աջակցությամբ: Բայց, երեւում է, խաղադրույքները չափից շատ ավելի բարձրացրեց Ռուսաստանը. ինչպես եւ սպասելի էր` նա արագ ստացավ պատասխանը եւ դեռ էլի կստանա, իսկ միմյանց հետ մրցակցելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերը, կարելի է ասել, ծայր չունեն: Երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե Օբամայի աշխատակազմը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման եւ Արձանագրությունների արագ վավերացման կողմնակից է եւ շարունակում է խորհրդատվությունը զույգ երկրների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունները վավերացվեն, դեռ տիկին Քլինթոնն էլ Դավութօղլուի հետ շոշափել է նաեւ Արձանագրությունների վավերացման հարցը:
Սա կարելի է այսպես հասկանալ. եթե մեր թույլտվությամբ Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը ԼՂ հարցում, մենք էլ հայ-թուրքական հարցերով կզբաղվենք ու թույլ չենք տա Ռուսաստանին իր գլխից բարձր թռչել` հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելը միշտ կա ու կա: Ինչքան էլ Մերզլյակովն ասի, թե համանախագահները ողջունում են Ռուսաստանի ակտիվությունը, սակայն խանդ, եւ խանդից էլ առաջ` շահերի գերադաս դիրքի գրավումը միշտ ստիպելու է ԱՄՆ-ին` հակակշռել դերակատարումները:
Այս ֆոնի վրա` պաշտոնական Բաքուն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, շարունակում է հայտարարություններ հնչեցնել, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորության բացակայության դեպքում իրենք կդիմեն զենքի ուժին. Սոչիի նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւն էր խոսել հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղիներ որոնելու մասին, իսկ մեր Սեյրան Օհանյանն էլ` թե Հայաստանը միշտ պատրաստ է հակահարվածի:
Կարճ ժամանակում մեծ դոզայով տեղեկատվության հոսքով ծանրաբեռնված մեր քաղաքականներն էլ կատարյալ շփոթության մեջ են` ղարաբաղյան հիմնախնդրի մոտիկ ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումներում: Մի մասն, ինչպես ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը երեկ , կարծում է, թե 2010-ին հազիվ թե ականատես լինենք ղարաբաղյան հիմնախնդրի ո՛չ տեսական, ո՛չ գործնական լուծումների, ընդ որումՙ նրա հետ համամիտ է ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը, որը երեկ գտնում էր, որ Սոչիի հանդիպումը ոչ մի բանով նախորդներից չտարբերվեց, իսկ խնդիրը մինչեւ լուծումը շատ ճանապարհ պետք է անցնի:
Սա դեռ այն դեպքում, երբ քաղաքական շրջանակները չգիտեն, թե ի վերջո ի՞նչ է գրված նախապատրաստվող փաստաթղթի` Սոչիում համաձայնեցված նախաբանում, ինչի՞ համար են կողմերին երկու շաբաթ ժամանակ տվել, եւ ի վերջո ճի՞շտ է, որ այնտեղ ամրագրված է ԼՂ մասնակցությունը հետագա բանակցություններին: Բայց նաեւ, ըստ երեկ հնչած այլ կարծիքների, 2010-ին ԼՂ հարցում նաեւ հնարավոր է ստատուս քվոյի փոփոխություն (նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյան): Եվ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ է ասում, թե, իր կարծիքով, սկսվում է ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական փուլը, ու համանախագահ երկրներն էլ որոշել են խնդրի լուծման մանդատը հանձնել Ռուսաստանին, բացի այդ` եթե բանակցություններ են ներքաշում ԼՂՀ-ին, նշանակում էՙ լուծումը մոտ է (հիշեցնենք` այդ մասին բազմիցս հայտարարել են ե՛ւ համանախագահներն առանձին էպիզոդներով, ե՛ւ հայկական կողմը տարբեր քննարկումների մակարդակով): Իսկ թե ո՞վ է սխալվում` արդեն հարցի ձգձգմանը սովորած մեր քաղաքականնե՞րը, նախկին ԵԽԽՎ-ակա՞նը, թե՞ ... Ռ. Քոչարյանը, որ իր վերադարձը քաղաքականություն պայմանավորում է ղարաբաղյան խնդրի ոչ բարենպաստ զարգացումների դեպքով, այս սրընթաց զարգացումների մոտակա փուլերից մեկում տեսանելի կլինի:
Եվ վերջում` որպես էկզոտիկա, նշենք, որ անգամ ԵԽԽՎ «թափ-թազա» ղեկավար Մովլուդ Չավուշօղլուն է արտահայտվել, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորումը շատ կարեւոր է Եվրոպայի համար, Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ ջանքեր են շարունակում գործադրել հիմնախնդիրը կարգավորելու համար, ԵԽԽՎ-ն էլ ամեն ինչ կանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անմիջապես էլ թուրք ԵԽԽՎ-ականը չի զլացել հայ-թուրքական բանակցությունների մասին կարծիք հայտնել, ասելով, թե երկխոսությունը իր բաժին ներդրումը կունենա տարածաշրջանային անվտանգության գործում: