«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄՙ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԼԻԱՄԵՏՐԱԺ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ

«Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր» հայ ժողովրդական հերոսական էպոսը, ինչպես հայտնի է, ժողովրդի մեջ գոյություն է ունեցել եւ սերնդեսերունդ բերնեբերան ավանդվել է հին ժամանակներից, բայց գրի է առնվել եւ հայագիտությանը հայտնի դարձել միայն 19-րդ դարի երկրորդ կեսին: 1873 թ. մեծավաստակ բանահավաք Գարեգին արքեպիսկոպոս Սրվանձտյանը Արեւմտյան Հայաստանի Մուշ գավառի Առնիստ գյուղում Կրպո անունով մի բանասացից լսում եւ գրի է առնում այդ հերոսավեպը, որը 1874 -ին տպագրում է Կոստանդնուպոլսում առանձին գրքով` «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» խորագրով: Դրանից հետո անվանի հայագետ Մանուկ Աբեղյանը 1886 թ. Էջմիածնում մի պանդուխտ մոկացուց` Նահապետ քեռի կամ Նախո քեռի անունով, գրի է առնում երկրորդ նոր պատումը, որը տպագրվում է Շուշի քաղաքում 1889-ինՙ «Դավիթ եւ Մհեր» խորագրով: Որոնումները շարունակվում են եւ հայ բանահավաքները տարբեր բարբառներով գրի են առնում էպոսի մոտ 160 պատում, որոնց մի մասը ժամանակին տպագրվում է հայագիտական հանդեսներում եւ առանձին գրքերով: Էպոսի հազարամյա հոբելյանի կապակցությամբ 1939 -ին պրոֆ. Մ. Աբեղյանին, Գ. Աբովին եւ Ա. Ղանալանյանին հանձնարարվում է հերոսավեպի 60 պատումների հիման վրա արարատյան բարբառով հյուսել մի համահավաք բնագիր, որի մեջ անդրադարձված լինեն վեպի բոլոր կարեւոր միջադեպերն ու մոտիվները: Դյուցազնավեպի «Սանասար եւ Բաղդասար» ճյուղը կազմում է Մ. Աբեղյանը, «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ» ճյուղը` Գ. Աբովը, «Դավիթ եւ Խանդութ» հատվածը եւ «Փոքր Մհեր» ճյուղը` Ա. Ղանալանյանը:

Էպոսը թարգմանվել է տարբեր լեզուներով, մեծ հետաքրքրություն առաջացրել էպոսագետների շրջանում, սակայն, որքան էլ զարմանալի է, խորհրդային տարիներին այն էկրանավորելու փորձ չի արվել նույնիսկ անիմացիոն կինոյում: Մինչդեռ կարելի էր ճյուղ առ ճյուղ էկրանավորել ու հեռուստաէկրաններն այնպես ողողել էպոսով, որ ամեն մի հայ մարդ բերանացի գիտենար էպոսըՙ ինչպես նրան ավանդվել է դարեր շարունակ: Եթե խորհրդային տարիներին էպոսը ժամանակ առ ժամանակ հեռուստաեթերից հնչում էր տաղանդավոր դերասան Ժան էլոյանի կատարմամբ, ապա հետխորհրդային տարիներին գրեթե մոռացության էր մատնված, եւ հիմա մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր գոնե տարին մեկ անգամ իրենց ձեռքն են առնում էպոսը` վերստին վայելելու ժողովրդի ստեղծած սքանչելի գլուխգործոցի ամեն մի պատկերն ու բառը:

«Հայրենիք» հեռուստաընկերությունը շուտով մեզ հնարավորություն կտա ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն ամիս ու շաբաթը մեկ դիտելու «Սասնա ծռեր» լիամետրաժ մուլտֆիլմը, որը արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանի երկարամյա երազանքի եւ վերջին ութ տարիների ստեղծագործության պտուղն է: Ֆիլմում ընդգրկված է էպոսի միայն մեկ ճյուղըՙ Սասունցի Դավիթը, հետեւաբար ավելի ճիշտ կլինի ֆիլմն անվանել «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի դուռը», որպեսզի հանդիսատեսն էպոսի բոլոր 4 ճյուղերը դիտելու ակնկալիք չունենա:

Այս չափազանց բարդ ու պատասխանատու գործին Մանարյանը ձեռնամուխ եղավ 2001 թվականինՙ պետական աջակցությամբ, իսկ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր ստանալ լրացուցիչ միջոցներՙ պատկերային եւ ձայնային փայլուն որակ ունենալու համար: Ազգային կինոկենտրոնը դիմեց տարբեր ընկերությունների, սակայն օգնելու պատրաստակամություն դրսեւորեց «Գրանդ Քենդի» ընկերությունը, որի աջակցությամբ անցած տարի ֆիլմն ավարտուն տեսք ստացավ, իսկ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ ներկայացվեց հանրությանը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Արման Մանարյանի ստեղծագործական կյանքի մասին հակիրճ խոսք ասաց կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը. «Արման Մանարյանն իսկական արվեստագետ է, կինոբեմադրիչ, որն արվեստի արտադրանք է տալիս: Վստահ չեմ, որ դահլիճում նստածներից բոլորին ծանոթ է նրա անունը, բայց վստահ եմ, որ չկա մեկը, որը չի տեսել նրա «Տժվժիկ» ֆիլմը: Սովորաբար մեծանուն ռեժիսորների ձեռագիրը որոշակի է դառնում եւ շարունակվում է ֆիլմից ֆիլմ, բայց Արման Մանարյանը տարբերվում է բոլորից, քանի որ ամեն անգամ մի նոր բան է գտնում, անծանոթ գյուտն իր համար ավելի գրավիչ է դառնում ծանոթ նյութից: Թվում էր, թե պետք է մտներ իրեն ծանոթ պոլսահայության ոճի մեջ եւ այդպես շարունակեր, բայց ընտրեց տարբեր թեմաներ եւ ստեղծեց «Սեւանի ափերը», «Հեղնար աղբյուրը», «Ընկեր Փանջունի» եւ մյուս ֆիլմերը: Վերջին 10 տարիներին նա իրեն նվիրեց անիմացիոն կինոյին ու ձեռնարկեց մի ֆիլմ, որին ոչ ոք ձեռք չէր մեկնել: Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանից բացի մեր էպոսին նվիրված ոչինչ չի ստեղծվել Հայաստանում, եւ սա առաջին ֆիլմն է, որի բեմադրիչը դարձավ Արման Մանարյանը»:

Իր ֆիլմը կինոհանդիսատեսի դատին հանձնելու օրվան Արման Մանարյանը երկար էր սպասել, պարզ է, որ ասելու շատ բան ուներ, դժվար չէ կռահել, թե ինչ դժվարություններ են ծագել ութ տարիների ընթացքում ոչ միայն տեխնիկական միջոցների, այլեւ մասնագետների պակասի պատճառով, բայց սակավախոս արվեստագետը միայն ուրախություն հայտնեց, որ արդեն ունենք հայկական լիամետրաժ մուլտֆիլմ, որն իր նկարչական աշխատանքի մակարդակով բնավ չի զիջում արտասահմանյանին մուլտֆիլմերին:

«Կարելի է շատ բան ասել, բայց երբ հանձն ես առնում գործը, ուրեմն պետք է տանես բոլոր դժվարությունները: Համոզված եմ, որ բոլորը կնկատեն, թե ինչ պրոֆեսիոնալիզմով է արված նկարչական աշխատանքը: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել ենք լավ ֆիլմ ստեղծելու համար եւ կարող ենք մրցել արտասահամանյան լավագույն լիամետրաժ մուլտֆիլմերի հետ», ասաց Արման Մանարյանը:

Ֆիլմի նկարիչն է Վարդան Զաքարյանը, կոմպոզիտորըՙ Հայկ Մանարյանը, պրոդյուսերըՙ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ֆիլմը հչյունավորել են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ ուրիշներ:

Հուսանք, որ էպոսի մյուս 3 ճյուղերը եւս կնկարահանվեն եւ տարիներ անց կունենանք «Սասնա ծռեր» էպոսի էկրանավորումն ամբողջությամբ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4