Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին. «Դուք լավ գիտեք` որքան ենք կարեւորում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկերոջ եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկրի: Ուստի երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից», կարեւորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսությունը, անցկացվող խորհրդատվությունները` ասել է Հայաստանի նախագահը:
Մոթաքին էլ, իր երկրի ղեկավարի ողջույնները փոխանցելով, գոհ է մնացել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացրած որոշումների կապակցությամբ, որոնք զույգ երկրների ղեկավարների` նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն են ուղղված:
Երկու երկրների բարեկամական հարաբերությունները խորացնելու քաղաքական կամքն առկա է, զարգացման հեռանկարներ եւս կան` «դժվար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լավ բարեկամ է», համակարծիք են եղել Հայաստանի նախագահն ու Իրանի արտգործնախարարը: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումն էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը», ասել է Հայաստանի նախագահը` էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը նկատի ունենալով:
Երեկվա հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` ԼՂ կարգավորման հարցում հավասարակշիռ մոտեցում դրսեւորելու համար:
Մ. Խ.