«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԾԱՌ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրվածՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպելիք հիշատակի արարողությունները բազմաթիվ են:

Առաջնահերթ իրազեկել մարդկությանը դարասկզբի ամենասարասափելի ոճրի մասին ու փաստել, որ 1915-ը միայն հայկական ցավը չէ, այլ համամարդկային ողբերգություն է: Պետք է հիշել, որպեսզի ապրես, պետք է հիշել, որպեսզի արարես, կառուցես քո երազանքի պետությունը: Այս խոսքերով են առաջնորդվում Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք մտադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հանրապետությունում տնկել մեկուկես միլիոն ծառ` հավերժացնելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նկատում է, որ միջոցառումն ինքնանպատակ չէ:

«Պետք է շատանա հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող միջազգային կազմակերպությունների ու պետությունների թիվը, եւս մեկ անգամ ապացուցելու, որ Հայոց ցեղասպանությունը վերաքննության, հաստատման կարիք չունի, այն պատմական փաստ է: Իսկ դրան հասնելու համար պետք է իրազեկենք համաշխարհային հանրությանը, ներկայացնենք պատմությունը: Սովորաբար սպասում ենք, երբ գալիս է ապրիլ ամիսը, պսակներ ենք դնում ու դրանով սահմանափակվում, բայց դա բավարար չէ: Սիլվա Կապուտիկյանը հրաշալի խոսք ունի. «Պետք է հիշես ապրելու համար», մենք էլ ավելացնում ենք` նաեւ գործելու, արարելու ու երկիրը կառուցելու: Այս կտրվածքով հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ», «Ազգի» հետ զրույցում ասաց Վլադիմիր Աղայանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն էլ նկատում է, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին Կոնգրեսը Հայաստանում եւ սփյուռքում իրականացնելու է արդեն ավանդական դարձած բազմաթիվ միջոցառումներ:

«Տնկի՛ր անմեղ նահատակի հիշատակի քո ծառը» շարժումը յուրահատուկ բարոյական հոգեհանգիստ կլինի ցեղասպանության յուրաքանչյուր զոհի հիշատակին, այն նաեւ մեծ խորհուրդ է պարունակում», ասաց Մարտիրոսյանը:

Շարժման մեկնարկը կտրվի այս տարի: Նախատեսվում է Երեւանում հիմնել «Վերածննդի» այգի:

Մարիտրոսյանը պատմեց, որ Կոնգրեսի նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի Հայոց ցեղասպանության թեմայով սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ:

«Հինգ երկրում կազմակերպվել է ավտոարշավ, որի նպատակն էր հասարակության ուշադրությունը սեւեռել Հայոց ցեղասպանության խնդրին: Սփյուռքում կլինեն դասախոսություններ, քննարկումներ, թատերական ներկայացումներ», ասաց նա:

«Յուրաքանչյուր նախաձեռնություն, որ կազմակերպում է հատկապես երիտասարդությունը, ողջունելի է: Երիտասարդությունը չի կարող վրիպել, որովհետեւ նա «թարմ օդ» է շնչում, ուղիղ հայացքով է նայում ապագային: Ծառ տնկելը, շաղկապելը ցեղասպանության հետ մեծ խորհուրդ ունի: Այդ խորհրդով առաջնորդվենք, սա է իսկական ճանապարհը: Ամեն մի ծառ տնկելը նշանակում է ազգի կենսունակության պահպանում: Մնում է միայն մի բան ցանկանալ, որ այդ ծառերը խնամվեն», ասաց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը :

ԳԱԱ-ում հավաքված երիտասարդներն էլ խոստացան, որ ոչ միայն ծառ են տնկելու, այլեւ հետեւելու են խնամքին, մաքրությանը: Այս հարցում նրանք իշխանության տարբեր օղակների կարիքը կզգան, ոռոգման ջուր ապահովելու եւ այլնի համար: Այդ կապակցությամբ երիտասարդները հանդես եկան կոչով` առաջարկելով երիտասարդությանը մասնակցել ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, իրենց գործունեությամբ դառնալ Հայաստանի հզորացման, պետականության վերելքի ու զարգացման աջակիցը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4