ԼՂՀ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ներկայացրել է հանձնաժողովի վերջին ուսումնասիրություններն ու առաջարկությունները առանձին խմբերի քաղաքացիներին բնակարանով ապահովելու եւ բնակարանային պայմանների բարելավման հարցերի վերաբերյալ, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովը հավանություն է տվել զոհված ազատամարտիկների ընտանիքների համար Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջաններում բնակելի տներ կառուցելու որոշման նախագծերին: Նույն ծրագրով առաջիկայում կվերանորոգվեն նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարաններ:
Միաժամանակ, ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրով 16 ընտանիքի համար կկառուցվեն նոր բնակելի տներ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Բացի այդ, վարչապետի հանձնարարությամբ հանձնաժողովը Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ կճշգրտի բնակարանի սպասող զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակը: Նախատեսվում է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակշենքից 50 բնակարան հատկացնել այդ խավի համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ