«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ԱԲԽԱԶԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Վրաստանը օրերս ներկայացնում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ իր ծրագրերը` կարեւորելով, թե ցանկանում է այդ տարածքների ինտերգրում իր իրականության մեջ առանց զենքի կիրառման: Պարզաբանումն առավել քան պարզ էր ու գործնական` ելնելով ոչ վաղ անցյալի դառը փորձից նաեւ. Վրաստանը չի պատրաստվում պատերազմել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ:

Ինչեւէ, եւս մեկ անգամ Ռուսաստանի կողմից «խաղաղության պարտադրանքի» համար թանկ չվճարելուն բերող այսօրինակ որոշումը, ինչ կերպ էլ մատուցվի ու բացատրվի, հասկանալի է, որ ողջունելի ու միանշանակորեն սթափ մոտեցում է Վրաստանի կողմից: Սակայն որքան էլ Վրաստանում հայտարարեն, թե Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ դադարեցնում են մեկուսացումը, դա բնավ էլ չի նշանակի, թե այդ տարածքները համագործակցության նոր հարթություն դուրս կգան Վրաստանի հետ այն դեպքում, երբ այդ նույն համագործակցությունն ամենայն թափով զարգացվում է Ռուսաստանի հետ:

Երեք տարվա ընթացքում Ռուսաստանը Աբխազիային կհատկացնի 10 միլիարդ ռուբլի: «Գրուզիա օնլայն» կայքէջի տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորեւը :

Նրա վկայությամբ, այդ առնչությամբ համաձայնագիրը կնքվել է 2009թ. օգոստոսին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Սուխում այցի ժամանակ: Միայն 2010թ. հանրապետությանը կտրվի 1,9 միլիարդ ռուբլի: «Ռուսաստանի օգնությունը կգնա Աբխազիայի սոցիալական եւ տնտեսական ոլորտի բարելավմանը, թեեւ զարգացման իրական խթան պետք է դառնան ռուսական լուրջ ներդրումները, առաջին հերթին` միջին եւ խոշոր բիզնեսից», ասել է Գրիգորեւը:

Եվ սա դեռ ամենը չէ: Աբխազիայում Ռուսաստանի դեսպանի ներկայացմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով Մոսկվա է հրավիրել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին այն ժամանակ, երբ վերջինս արդեն կանցնի իր լիազորությունների կատարմանը: Հիշեցնենք, որ Աբխազիայում երկրի առաջնորդի ընտրություններն անցկացվել են նախորդ տարվա դեկտեմբերին` վերընտրությամբ արդեն իսկ գործող նախագահի:

Սեմյոն Գրիգորեւի խոսքերով, Ռուսաստանը եւ Աբխազիան փոխգործակցության բարձր մակարդակ են նախատեսում, նաեւ կապերի ամրապնդում խորհրդարանների եւ այլ գերատեսչությունների մակարդակով: «Աբխազական ղեկավարության հետ մենք երկու կարեւոր իրադարձություններ կնշենք. Աբխազիայի Ռուսաստանի հովանու ներքո 200 տարի գտնվելը եւ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակը», հայտարարել է դեսպանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4