Թբիլիսից հեռարձակվող «Առաջին կովկասյան հեռուստաալիքը» անջատվել է ֆրանսիական Eutelsat արբանյակից: Ալիքը, որի ստեղծման մասին «Ազգ» -ը գրել էր 2009-ի համարներից մեկում, պայմանագրային հիմունքներով աշխատել է 2010-ի հունվարի 15-28-ը: Հենվելով ալիքի տնօրեն Զուրաբ Դվալիի խոսքերի վրա` BBC Russia-ն տեղեկացնում է, որ այժմ Փարիզում նշված ֆրանսիական ընկերության հետ տարվում են բանակցություներ` վերականգնելու հեռուսատաալիքի հեռարձակումը: Դվալին, ընդ որում, հայտարարել է, որ այս միջադեպը կարող էր պատահել նաեւ Ռուսաստանի «միջնորդությամբ»:
Միեւնույն ժամանակ ֆրանսիական Le Figaro-ն նշում է, որ հեռուստաալիքի փակման մասին լուրեր կային դեռ երեքշաբթի օրը, երբ ֆրանսիական արբանյակի ֆիրմայի ներկայացուցիչը հայտնել էր թերթին, որ պայմանագրով նախատեսված ժամկետն ավարտվելու կապակցությամբ ալիքի հեռարձակումը կդադարեցվի:
Մնում է միայն տարակուսանք հայտնել, թե ի՞նչ իմաստ ուներ այդքան կարճ ժամանակահատվածի համար պայմանագիր կնքել, միգուցե իրո՞ք որեւէ մեկին ձեռնտու չի եղել հեռուստաալիքի գործունեությունը կամ տված լրատվության ուղղվածությունը:
Հիշեցնենք, որ ալիքը ստեղծվել էր Վրաստանի հանրային հեռուստաընկերության հիմքի վրա, իսկ որպես հիմնական նպատակ նշվում էր. «Ճշմարտության տարածումը Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին, մինչեւ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ ճշմարտության տարածումը` Ռուսաստանի կազմում ապրող կովկասյան ժողովուրդների մասին, որոնք շարունակում են զինված պայքարը Կրեմլի դեմ»:
Հ. Ա.