Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում բացվեց «Միավորվենք հանուն Հաիթիի» բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթն ուղարկվելու է Հաիթի: Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մի շաբաթ: Բարեգործական ակցիան նախաձեռնել էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան վեց հասարակական կազմակերպությունների հետ: ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանը նշեց.
«Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ շոշափելի ներդրում այս ակցիայում, եւ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ միավորվել են` օգնելու Հաիթիի երկրաշարժից տուժածներին»:
Ցուցահանդեսում ներկայացված են «Փյունիկ» հաշմանդամների միության, «Դավիթ» արվեստի կենտրոնի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդաց տների, ինչպես նաեւ անհատ ստեղծագործողների արվեստի աշխատանքներ` լուսանկարներ, յուղանկարներ, գործվածքներ, քանդակներ, որոնք արժեն 500 դրամից մինչեւ 50 հազար դրամ: Բացման արարողությանն իր համերգային ելույթով մասնակցեց նաեւ «Գառնի» վոկալ կվինտետը:
Վիկտորիա Թերշլեռը նոր է եկել Հաիթիից, այնտեղ նա աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ում` երեխաների իրավունքների ոլորտում:
«Ծայրահեղ թշվառ վիճակում է Հաիթիի բնակչությունը, մի շնչին օրական տալիս են մի դոլար, եւ այս ձեւով ապրում է բնակչության 60%-ը: Հիվանդանոցներն ավերված են, մարդիկ մահանում են հիվանդություններից ու թերասնումից», ասաց ականատես Թերշլեռը:
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան նախաձեռնել է Հաիթիի երկրաշարժից տուժածներին աջակցելու բարեգործական միջոցառումների շարք:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ