Հենվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության վրա, ադրբեջանական «Վեստի.ազ»-ը նշում է, որ հունվարի 28-ի ժամը 18-ին Ադրբեջանի բանակի «անհայտ» զորամասում 6 զինվոր է մահացել: Անհայտ պատճառներով երկու զինվոր ավտոմատից կրակ են բացել զինակիցների վրա, 4 զինվոր մահացել է, 2-ը` ծանր վիրավորվել: Հանցագործությունը կատարելուց հետո երկու «հրաձիգները» ինքնասպանություն են գործել: Ադրբեջանական «Ազադլիգ»-ը տեղեկացնում է, որ ադրբեջանական «անհայտ» զորամասը գտնվում է Դաշքեսանում, իսկ զինվորները կրակ են բացել զորամասի հրամանատարության վրա. մահացել են զորամասի հրամանատարը, շտաբի պետը ծանր վիրավորվել է: «Ազադլիգ»-ը շարունակում է. «Զինվորներն այնքան են շահագործվել ու ստորացվել հրամանատարության կողմից, որ դիմել են նման քայլի»: Այնուամենայնիվ բանակում կարեւորը զենքի որակն ու թարմությունը չէ, այլ հոգեբանական վիճակը. դա է մարտունակության միակ գրավականը:
Հատկանշական է, որ ադրբեջանական բանակի իրական դեմքը եւս մեկ անգամ պարզ դարձավ այն օրը, երբ ողջ հայությունը նշում էր հայոց հաղթանակած բանակի օրը:
Հ. Ա.