«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ՄԱՀԱՑԱՎ ՍԵԼԻՆՋԵՐԸ

«Հազիվ թե գտնվի մեկ ուրիշը, որ կարողանա այդպես ի հայտ բերել նախապաշարումների, անհեթեթ պայմանականությունների, կեղծ արժեքների ողջ աղբը, որ կեղտոտում է կյանքը», գրված է 1978 թվականին հայերեն լույս տեսած ամերիկացի հանրաճանաչ գրող Ջերոմ Սելինջերի գրքի նախաբանում: Երեկ հասավ լուրը, որ Նյու Հեմփշիր նահանգի Քեմփշիր քաղաքի իր տանը 91 տարեկանում մահացել է տարբեր երկրների շատ ընթերցողների սիրելի գրողը:

Տանս այդ գիրքը երկար փնտրելու հարկ չեղավ` սիրելի գրքերի նման դրված էր ձեռքին մոտիկ` ուրիշ, տարիներով չբացվող եւ խիտ շարքերում անհույս կորսված գրքերի համեմատ: Մաշված կազմն ասում էր, որ նորից ու նորից, բազմաթիվ անգամ ընթերցվել է: Այո, Սելինջերն իմ սերնդի ընթերցողի լավագույն գրքերից էր, որ հատկապես դուր էր գալիս այն մարդկանց, ովքեր ընդվզում էին երեսպաշտության ու կեղծիքի դեմ, ով կարոտ էր մարդկային հոգու խորունկ շերտերի բացմանը, ով չէր ուզում մակերեսից ստանալ իր սնունդը, այլ սուզվել կորալների ու մարգարիտների խորախորունկ աշխարհը: «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպն ամոքում էր հոգին, մաքրում թանձր ստվերներից ու կեղտից: «Ծպեղները բա՛րձր, ատաղծագործնե՛ր»-ը պատերազմի ողջ արհավիրքի` մարդու հոգին փոխադրվելու ու ծանր նստելու մասին է, որի պատճառով մի ողջ սերունդ այդպես էլ այլեւս չկարողացավ հասնել երջանկության հետեւից. ընթերցելով վիպակը` կարելի է հանգիստ ու բարձրաձայն արտաբերել.«Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական գրականությունը` բոլոր գաղտնիմաստների բացահայտումը թողնված է ընթերցողին»: «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» շաղախված է կորսուստների անդառնալիության թախիծով. ձկնիկ -բանանիկները լողում են դեպի քարայր, ուր շատ բանան կա, քարանձավ մտնելիս սովորական ձկնիկներ են, իսկ այնտեղ իրենց խոզավարի են պահում` այնքան են ուտում-հաստանում, որ չեն կարողանում դուրս գալ այնտեղից... ու մահանում են: Ահա կյանքը մարդուն կարող է դարձնել այդ ձկնիկ բանանիկների նման, որոնք այլեւս ելք չունեն: Սելինջերը գրում էր մի իրականության մասին, որ հիմա շատ երկրներ անցնում են: Սելինջերի նկարագրածը պատերազմ տեսած, սոցիալական մամլիչի տակ հայտնված, արժեքների վայրիվերումներին տրված հայկական այսօրվա իրականության հետ մեկին մեկ է: Սակայն կյանքի պրոզան նկարագրող Սելինջերը բանաստեղծ է մնում, որ փոխհատուցում է պրոզայի դառնությունը:

Եղել է ժամանակ, որ կեղծ բարեպաշտները եւ երկերեսանիներն ամերիկյան դպրոցներից հեռացրել են այն ուսուցիչներին, որոնք խորհուրդ էին տալիս աշակերտներին Սելինջեր կարդալ:

1951 թվականին, երբ լույս տեսավ Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» գիրքը, նրա անունը հայտնի դարձավ ողջ աշխարհին, 60 տարում 60 մլն օրինակ վաճառվել է այդ վեպից, ոչ մի անգամ ընթերցողը չի դադարել հետաքրքրվել այդ գրքով: Գիրքը լույս տեսնելուց հետո ԱՄՆ-ի որոշ նահանգներում գրքի տարածումն արգելեցին` իբր անկումային տրամադրություն է հաղորդում մարդկանց, սակայն դա առավել հետաքրքրություն առաջացրեց: Սելինջերը հավանաբար նման էր իր ստեղծագործությունների հերոսներին, որովհետեւ իր հանրաճանաչության ամենաբարձր շրջանում, 1965 թվականից հեռացավ հասարակությունից, որոշեց այլեւս չհրապարակել իր գրքերը, չթույլատրել էկրանավորել իր վիպակներն ու պատմվածքները: Նա շփվում էր միայն իր ընտանիքի` կնոջ, դստեր եւ որդու ու մի քանի մտերիմի հետ, սակայն մեկ օր անգամ չի դադարել ստեղծագործել եւ ահռելի քանակությամբ ձեռագրեր է թողել: Նրա դստեր` Մարգարետ Սելինջերի հուշերում հիշատակվում է, որ իրենց տունը լեփ-լեցուն է հոր ձեռագրերով, որոնք հայրը թույլ է տալիս հրատարակել միայն իր մահից հետո: Հասկանալի է, որ այդ ձեռագրերի հետ կապված մի իսկական որս կսկսվի այժմ, երբ գրողը չկա, կգտնվեն շատ մեծահարուստներ, որոնք կուզենան մեծ փողերով ձեռք բերել այդ ձեռագրերը, հրատարակել եւ շահույթներ ստանալ: Հիմա արդեն, երբ լույս տեսնեն Սելինջերի ձեռագիր ստեղծագործությունները, նրա ընթերցողը կվարձատրվի` իր համար բացահայտելով տասնամյակներ մեկուսացած Սելինջերի առեղծվածը:

Սելինջերը լույս տեսնելու օրվանից փնտրված է եղել, եւ անգամ մահը առիթ տվեց փնտրելու նրան` ես իմ պահարանում փնտեցի նրա գիրքը` մի անգամ էլ անցնելու սիրելի հատորի հերոսների աշխարհով: Եվ մեր կողմից էլ ընթերցողին խորհուրդ տանք` երբեւէ եթե հայտվեք անելանելի, անհույս կամ հուսահատ վիճակում, փնտրեք Սելինջերի գիրքը եւ սկսեք կարդալ. կտեսնեք, թե ինչպես է ձեր ավիշը լցվում նոր նյութով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4