Վերջին տարիներին Երեւանի «Արարատում» հաճախ են փոփոխվում գլխավոր մարզիչները: Եվ ահա օրերս թիմի մարզչական կազմում նոր փոփոխություն տեղի ունեցավ: Փետրվարի 1-ից «Արարատի» ղեկը կստանձնի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Եսայանը: Նա կփոխարինի Ալբերտ Սաֆարյանին, որը Տիգրան Գսպեյանի հետ կօգնի Եսայանին: Դարպասապահներին կմարզի մեր անվանի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Տիգրան Եսայանը տարիներ առաջ է հրաժեշտ տվել մեծ ֆուտբոլին: Նա ժամանակին հանդես է եկել նաեւ «Արարատում»ՙ դառնալով թիմի լավագույն ռմբարկու: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Տիգրան Եսայանը մարզչական աշխատանքի է անցել «Բանանցի» մարզադպրոցում:
«Արարատում» աշխատանքների ընդհանուր ղեկավարումը Արկադի Անդրեասյանն է իրականացնում: Ինչպես հայտնի է, այս տարի արարատցիները հանդես են գալու առաջին խմբում: Ակումբի ղեկավարությունը ելնելով այն փաստից, որ առաջին խմբում հանդես են գալիս բարձրագույն խմբի դուստր թիմեր, որոնք ուժեղագույնների խմբի ուղեգիր չեն կարող նվաճել, որոշել է առաջնությունում հանդես գալ երիտասարդական կազմով: Թիմի փորձառու ֆուտբոլիստների մեծամասնությունը վարձավճարով հանդես է գալու բարձրագույն խմբի այլ թիմերում: Իհարկե, հասկանալ կարելի է «Արարատի» հովանավորներին, որոնք չեն ցանկանում մեծ գումարներ ծախսել առաջին խմբի թիմի վրա, համարելով, որ բարձրագույն խմբի ուղեգիրն իրենց գրպանում է: Սակայն բացառված չէ, որ այս տարի առաջին խմբում մի նոր թիմ հայտնվի, որը բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքար կմղի «Արարատի» հետ: Այդ դեպքում «Արարատին» դժվար կլինի երիտասարդ ֆուտբոլիստներով հաղթող ճանաչվել առաջին խմբի մրցաշարում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ