«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶԵՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, ԱՌԱՋԻՆՆ ԻՐԵՆԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ըստ Գագիկ Ծառուկյանի

ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը , որ երեկ մասնակցում էր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստին, պատասխանեց լրագրողների հարցերին: Սպորտի նախարարի անսպասելի փոփոխության (չնայած սպորտի ոլորտում հաջողություններ էին արձանագրվում) հարցը վերահասցեագրեց նախարարին, անգամ ճշտող հարցից հետո, թե, ըստ որոշ լուրերի, նախարարափոխության պատճառը յուրացված գումարնե՞րն են: Ավելի ուշ ճշտող հարց հնչեց, թե նոր նախարարն, ախր, ողջ կյանքում ուժային կառույցներո՞ւմ է աշխատել. «Կարեւոր է, որ մարդը կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը, հիմնական խնդիրը դա էր»: Իսկ տեսնես ո՞վ է նշանակվելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի թափուր տեղում` Մխիթար Մնացականյանի նախարար դառնալուց հետո. դեռ որոշում չկա, քննարկվում է, մյուս շաբաթ կհայտարարվի:

Ծառուկյանի` Հայաստանից բացակայելու առիթով մեկնաբանություններին Ծառուկյանը ծանոթ չէր, չգիտե` լրագրողները քնում-արթնանում, ի՞նչ են գրում, բայց գործով է բացակայել երկրից: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին «Ազգի» հարցին ի պատասխան էլ ասաց. «Տեղյակ չեմ: Ռոբերտ Քոչարյանին գիտեք իր պահվածքով, աշխատանքով էլ, մտածելակերպով էլ: Եթե այդպիսի բան լինի, ինձ թվում է` առաջինն իրենից կլսենք»:

Ազգային ժողովի նախագահն իր վերջին ասուլիսում ասել էր, թե ՀՀԿ-ն առաջարկելու է գործարարների չընդգրկել ընտրացուցակներում. «Հովիկ Աբրահամյանից ճշտեք` ինչու է նման հայտարարություն արել», ասաց` հիշեցնելով իր ավելի վաղ ասածը, որ երկրի համար մտահոգ, ներդրում անող մարդն իրավունք ունի օրենսդիրի անդամ լինելու:

Խոստացավ Աբովյանից ընդամենը երկու տրանսպորտով Երեւան հասնելու հարցով հետաքրքրվել, եւ եթե բողոք կա` հարցը լուծել հօգուտ բողոքողների:

Այս նստաշրջանում ԲՀԿ մարտավարության փոփոխությունն առայժ չի լինելու, մինչեւ այդ մասին խմբակցությունում քննարկեն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4