Յուրաքանչյուր երկրի ճարտարապետություն արտացոլում է այդ երկրի տնտեսական ու հոգեբանական վիճակը: Որեւէ երկրի ճարտարապետություն վերելք է ապրում այդ երկրի հոգեւոր վերելքների շրջանում: Այնպես որ պետք չէ զարմանալ այսօրվա մասսայական վատ ու միջակ հայկական ճարտարապետությունով: Ճարտարապետությունն ամենաթանկ արվեստն է, եւ այն չի կարող ավելի բարձր լինել, քան իրեն շրջապատող իրականությունը:
«Ալեքսանդր Թամանյանը Հայաստանում ապրել է ընդամենը 15 տարի, նա հանճարեղ ճարտարապետ էր, բայց եթե բարձր իշխանությունները նրա մեջքին կանգնած չլինեին, անհնար էր, որ նա 15 տարում այդքան աշխատանք աներ: Հանճարները ծնվում են, երբ հասարակությունն ունենում է նրանց կարիքը, իսկ մյուս դեպքերում հանճարները կան, բայց լռում են: Այսօր մեր մտածելակերպը հիմնված է փողի գերակայության վրա. բոլորը միայն շահ են ուզում` կառավարությունը, պատվիրատուն, ճարտարապետը: Եթե հասարակությունը ձգտում ունենար լավ գործեր ստեղծելու, անկասկած կստեղծեր», ասում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Հրաչյա Պողոսյանը :
Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը, ճիշտ է, պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ, բայց միեւնույն ժամանակ եկամուտների մեծ աղբյուր են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է հաշվել, օրինակ, Հռոմի Կոլիզեյն իր գոյության ընթացքում ինչքա՞ն գումար է բերել այդ երկրին: Եթե զբոսաշրջիկը գնում է որեւէ երկիր, գնում է առաջին հերթին նրա ճարտարապետությունը տեսնելու: Ներկայիս վատ ու միջակ ճարտարապետության պայմաններում մի քանի լավ օրինակներ, այնուամենայնիվ, կարելի է բերել` քաղաքապետարանի շենքը, մարզահամերգային համալիրը, Կասկադը:
«Նախ պետք է հասկանալ` ինչի համար է ստեղծված ճարտարապետություն արվեստը, որը բնորոշվում է որպես տարածքի կազմակերպման արվեստ: Սա ժողովրդի հոգեբանության վրա ազդելու հզոր միջոց է, օրինակ, Եգիպտոսի փարավոնները, կառուցելով բուրգերն ու տաճարները, ամրապնդում էին իրենց գաղափարախոսությունը եւ դրանով ազդում ենթակա ժողովրդի հոգեբանության վրա, նույն բանն անում էր Իոսիֆ Ստալինը: Մոսկվան ամբողջովին` իր այդ բարձրահարկ շենքերով ու ճարտարապետական կոթողներով, կոչված էր սերմանելու կոմունիստական հզոր գաղափարախոսությունը: Հայաստանում էլ կան այդպիսի շենքեր. Օպերայի շենքը դրա վառ օրինակն է: Եթե չկա գաղափարախոսություն, չկա նաեւ ճարտարապետություն», ասում է Հրաչյա Պողոսյանը:
Այսօր հիմնականում կառուցվում են բնակելի շենքեր, որոնց բնակարանները գնված են, բայց մեջը ոչ ոք չի ապրում: Դրանք ավելի շատ գնում են սփյուռքահայերը, որպեսզի Հայաստանում ունենան անշարժ գույք: Էլիտար շենքերն ընդամենը սովորական եկամտաբեր շենքեր են, որոնք ավելի լավ ճարտարապետություն չէին էլ կարող ունենալ, քանի որ կառուցվում են մի նպատակով` էժան եւ արագ լինի, եկամուտ բերի: Մեծ նշանակություն ունի` ինչ նպատակով է կառուցվում բնակելի շենքը: Օրինակ` Մաշտոցի 48 շենքը Մարկ Գրիգորյանը նախագծել է որպես դերասանների շենք, որտեղ ապրել են դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետյանը, սա եւ Մաշտոցի 39 շենքը, որը նախագծել է Սամվել Սաֆարյանը, բնակելի շենքերի ճարտարապետական գլուխգործոցներ են: Մյուս կողմից, սակայն, նոր կառուցված շենքերը ունեն մի լավ հատկանիշ` սեյսմակայուն են:
«Մենք տարիներով ինչքան հեռանում ենք Սպիտակի երկրաշարժից, այնքան մոտենում ենք մի նոր երկրաշարժի, ինչը չի բացառվում, որ լինի Երեւանում, պետք է պատրաստ լինենք այդ արհավիրքին, իսկ դիմակայելու համար պետք է ճիշտ կառուցվեն շենքերը` ուսումնասիրելով երկրաբանությունն ու ընդերքը: Շատ կարեւոր է, որ պատրաստ լինենք նաեւ հետերկրաշարժյան փուլին. փրկարարական աշխատանքների կազմակերպումը լինում է շատ բարդ, եթե չի լինում գործողությունների նախօրոք մտածված պլան», նշում է ճարտարապետը:
Երեւանում բնակելի ֆոնդի մոտ 70%-ը սեյսմակայուն չէ: Սպիտակի երկրաշարժից հետո Երեւանի ֆոնդային բալայնությունը հավասարեցրին 9 բալի: Բնակելի շենքերը հիմա ավելի որակով են կառուցվում, քան խորհրդային տարիներին, 40-60-ական թթ.-ի շենքերը կառուցված են 7 բալանոց երկրաշարժերի դեմ: Պետությունն այդքան հնարավորություն չունի, որպեսզի ամբողջ բնակելի ֆոնդը վերափոխի, բայց կա մի ուրիշ կարեւոր խնդիր` չիջեցնել շենքերի սեյսմակայունությունը: Մարդիկ նկուղներում պատեր են քանդում, պատուհանները դուռ են սարքում, պատշգամբներին կցակառույցներ ավելացնում, տանիքներին` ձեղնահարկեր, եւ այդ ամենից հետո մի փոքր ցնցում, ու շենքն արդեն կքանդվի:
«Ոչ ոք իրավունք չունի գոյություն ունեցող բնակելի ֆոնդի վրա որեւէ բան փոխելու, այդ մասին նույնիսկ եղավ կառավարության որոշումը, որը ցավոք մնաց միայն թղթի վրա», ասում է ճարտարապետը:
Հայկական ավանդական ճարտարապետությունն այլեւս չի պահպանվում: Ուրիշ երկրների արդի ճարտարապետությունն ընդօրինակելով`ոչ մեկին չես զարմացնի:
Ըստ Հրաչյա Պողոսյանի` երբ հայտնի ճարտարապետները գալիս են Հայաստան ու տեսնում մեր ավանդական ճարտարապետությունը, հիանում եւ միաժամանակ զարմանում են, թե ինչպես կարող ենք թողնել մեր ավանդականը եւ ընդօրինակել այսօրվա եվրոպական, ավելի շուտՙ դուբայական ճարտարապետությունը:
Երեւանի կենտրոնից դուրս որեւէ լուրջ շինություն չի ստեղծվում: Հայաստանում շուրջ 900 գյուղ կա, որտեղ իր ճարտարապետությամբ աչքի ընկնող ոչ մի տուն չի կառուցվում, այնինչ հայկական ժողովրդական տան ճարտարապետության հիանալի օրինակներ ենք ունեցել, որոնք ոչ թե ճարտարապետն է ստեղծել, այլ ժողովուրդը:
Հիմա շատերը կառուցում են 2-3 հարկանի տներ` 15-20 սենյակներով, բայց ապրում ընդամենը 1-2 սենյակում:
«Դա հարուստների հիվանդությունն է, մարդը պետք է ունենա միայն այն, ինչն իրեն անհրաժեշտ է», նկատում է ճարտարապետը:
Կան մարդիկ, ովքեր կյանքում ինքնահաստատվում են իրենց մեծ տներով, եթե մարդը չի կարողանում հեղինակություն վայելել կամ հաստատվել այլ կերպ, ապա դա անում է մեծ տուն կառուցելով ու մեծ մեքենա գնելով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ