«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ՔԱՐԱՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ «ՍՏՅԱՈՒԱ»

Վերջին օրերին հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում Քարամյան եղբայրներն էին, որոնք խզել էին պայմանագիրը Ռումինիայի «Տիմիշոարայի» հետ եւ ցանկանում էին տեղափոխվել «Ստյաուա»: 30-ամյա երկվորյակ եղբայրների համար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Առայժմ նրանք ակումբի հետ պայմանագիր են կնքել 6 ամսով, որից հետո հնարավոր է, որ երկարաձգվի:

Նշենք, որ «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալիի հետ բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Սկզբում Քարամյանները 450 հազար եվրո տարեկան աշխատավարձ են պահանջել, ինչը հարուցել է ակումբի ղեկավարության դժգոհությունը: Ի վերջո, կողմերը համաձայնության են եկել հետեւյալ պայմաններով. նրանց 250 հազար եվրո կանխավճար կվճարվի, տարեկան աշխատավարձը կկազմի 120 հազար եվրո, իսկ «Ստյաուայի» չեմպիոն հռչակվելու դեպքում եղբայրներից յուրաքանչյուրը 100 հազար եվրո պարգեւավճար կստանա: Այս տեղեկատվությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքէջում:

Արտավազդ Քարամյանը կխաղա 77 համարի, իսկ Արմանըՙ 33 համարի մարզաշապիկով: Քարամյանները մեկնել են Անթալիա, որտեղ «Ստյաուան» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Երկրի առաջնությունում «Ստյաուան» ներկայումս 17 խաղում վաստակած 34 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Թիմը միայն խփած եւ բաց թողած գնդակների տարբերությամբ է զիջում նույնքան միավոր ունեցող «Կլուժին» եւ «Ունիրիային»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4