Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները: Երկու մրցաշարերում էլ հաղթող ճանաչված շախմատիստներն առաջին անգամ չեմպիոն հռչակվեցին:
Եթե տղամարդկանց մրցաշարում Ավետիք Գրիգորյանը դեռեւս նախավերջին տուրում էր գրանցել չեմպիոնությունը, ապա կանանց մրցաշարի հաղթողին որոշեց միայն 9-րդ տուրը: Ավարտական տուրից առաջ բավական խճճված իրավիճակ էր ստեղծվել: 5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում էին Սիրանուշ Անդրեասյանն ու Լիա Մարտիրոսյանը, որոնց կես միավոր էր զիջում Անահիտ Խառատյանը: 4,5 միավոր ուներ Նաիրա Մովսիսյանը:
Ավարտական տուրում բավական դրամատիկ պայքար ծավալվեց: Վճռորոշ եղավ Սիրանուշ Անդրեասյանի եւ Անահիտ Խառատյանի մրցավեճը: Սիրանուշին ինչ-որ չափով բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին, իսկ ահա Անահիտին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Եվ վերջինս սեւերով կարողացավ հաղթել մրցակցուհուն եւ վաստակելով 6 միավոր, առաջին անգամ հռչակվել Հայաստանի չեմպիոնուհի: Անահիտը վերելքով անցկացրեց առաջնության վերջնագիծըՙ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, ինչն էլ կանխորոշեց նրա հաջողությունը:
Խառատյանին շրջանցելու հնարավորություն ուներ Լիա Մարտիրոսյանը, սակայն նա էլ վերջին տուրում անհաջողության մատնվեցՙ պարտվելով Աննա Հայրապետյանին: Մարտիրոսյանը 5,5 միավորով ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Նույնքան միավոր ունեցող Սիրանուշ Անդրեասյանը գործակիցներով զիջելով Մարտիրոսյանին, դարձավ բրոնզե մեդալակիր:
5 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց Մարիանա Գասպարյանըՙ հաղթելով Նաիրա Մովսիսյանին: Վերջինս 4,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: 5-րդ հորիզոնականում 4,5 միավորով Անի Խանամիրյանն է, որը ոչ-ոքի խաղաց Վարդուհի Քալաշյանի հետ: Լուսինե Կարապետյանը հաղթեց Նարինե Գասպարյանին: 7-րդ տեղը 4,5 միավորով գրավեց Աննա Հայրապետյանը, որին հաջորդեցին Նարինե Գասպարյանը (4 միավոր), Լուսինե Կարապետյանը (3,5) եւ Վարդուհի Քալաշյանը (2):
Տղամարդկանց մրցաշարում երկրի նորընծա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը Դավիթ Պետրոսյանի նկատմամբ տարած հաղթանակով ավարտեց առաջնությունըՙ վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից: Դա իրոք բարձր ցուցանիշ է: Նա 2 միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից:
Արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին որոշելու համար հարկ եղավ դիմել գործակիցների աղյուսակին, քանի որ 3 շախմատիստներ վաստակել էին հավասարՙ 5,5-ական միավոր: Բախտը ժպտաց Տիգրան Պետրոսյանին, որը հաշտություն էր կնքել Տիգրան Քոթանջյանի հետ: Նա արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզը բաժին հասավ Զավեն Անդրեասյանին, որը եւս ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Իսկ ահա երկրի բազմակի չեմպիոն Արտաշես Մինասյանը, որ հաղթելով Դավիթ Քալաշյանին, եւս վաստակել էր 5,5 միավոր, մնաց առանց պարգեւի: Չիբուխչյան-Մելքումյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
5-րդ տեղը 5 միավորով գրավեց միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը: Հաջորդ տեղերում են Հրանտ Մելքումյանըՙ 4, Արթուր Չիբուխչյանըՙ 4, Տիգրան Քոթանջյանըՙ 3,5, Դավիթ Քալաշյանըՙ 2,5 եւ Դավիթ Պետրոսյանըՙ 2:
Նշենք, որ մրցակարգի համաձայն չեմպիոններըՙ Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանն իրավունք ստացան մասնակցելու աշնանը Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ