«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍԵԼՈՒ, ԵՎ Ո՞Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ ՀՈԳՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ կատարված իրադարձությունների ողջ տրագիկոմիզմը երեկ տեղափոխվել էր Ազգային ժողովի հայտարարությունների ժամ: «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանը , որը մեկ օր առաջ Հայաստանի պատվիրակների ասուլիսին չէր մասնակցել, ելույթ ունենալով` իր ոճի մեջ նկատեց, թե Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու նրանց հիմնարար ազատությունները տարիներ շարունակ խախտվում են օրվա իշխանությունների կողմից, իսկ նրանք, ովքեր պայքարում են դրանց դեմ` իշխանության եւ նրա սպասարկուների կողմից ընկալվում եւ հայտարարվում են որպես թշնամի: Նա ավելացրեց, թե այն պաշտոնյաները, որոնք կարծում են, թե իրենք են պետությունը, իրենք են որոշում կայացնողները, պետք է իմանան` հայ ժողովուրդը չի մոռանալու մարտի 1-ին տեղի ունեցածը, նաեւ այսպիսի ձեւակերպում արեց. «Հիշեցնեմ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին...» եւ այլն:

Անմիջապես մի քանի ՀՀԿ-ական տղամարդ (դե, պատգամավոր, էլի) կանգնեցին Ազգային ժողովի նախագահի «թասիբին»` դահլիճից բղավելով, որ Փոտանջյանը չի կարող խոսել ժողովրդի անունից եւ պետք է հարգի ԱԺ նախագահին (Առաքել Մովսիսիյանը (Շմայս) եւ Վազգեն Կարախանյանը հատկապես): Փոտանջյանը ամբիոնից իջնելիս պատասխանում էր, թե նրա՞նք են խոսելու ժողովրդի անունից, մի խոսքովՙ մի տգեղ իրավիճակ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը թեման շարունակեց` «սիրով, շատ հաճելի տեսարաններ են» խոսքով: Ըստ նրաՙ բնական է, որ ընդդիմությունը շատ հաճախ իրավամբ հարցականի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը, բայց Հայաստանը նաեւ այս հարցում աչքի ընկավ իր ունիկալությամբ, երբ ընդդիմության մի հատված միջազգային ատյաններում փորձում էր ոչ թե իշխանության, այլ ընդդիմության մի այլ հատվածի լեգիտիմությունը հարցականի տակ դնել: Նման բան ընդհանրապես ոչ մի անգամ չի եղել Եվրոպայի խորհրդում կամ որեւէ այլ միջազգային ատյանում, որ քվեարկությամբ որոշեն ` Հայաստանում ո՞վ է ընդդիմությունը. «Այս ունիկալ իրավիճակը ոչ միայն պատիվ չի բերում մեր ժողովրդին եւ հասարակությանը, մեր պետությանն ընդհանրապես, բայց ցույց է տալիս, թե ի՞նչ հիվանդության աստիճանի ենք մենք հասել...

Նման մեթոդները շատ լուրջ հարված են մեր հեղինակությանը», ասաց նա` նկատելով, թե եղածը դաս է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են Հայաստանի ներքին խնդիրները լուծել արտաքին ճնշումը, արտաքին ազդեցությունը մեր երկրի վրա հրավիրելով: Սակայն «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն այլ կարծիքի էր, նա հարցեր ուղղեց խորհրդարանական գործընկերներին` մոտավորապես այսպիսի. ո՞րն է հակապետական գործունեությունը` անմեղ քաղաքացիներ սպանելը, թե՞ այդ սպանությունների բացահայտումը պահանջելը, թուրքական նախապայմաններին «այո» ասելը, թե՞ ցեղասպանության հետեւանքների համար պատասխանատվության «ոչ» հնչեցնելը, Հայաստանը բնական հումքի կցորդ սարքելը, թե՞ սերունդներին էկոլոգիապես մաքուր Հայաստան թողնելը, բնակչին աթարի տեղը ցույց տալը, թե՞ բարեկեցիկ եւ սոցիալապես ապահով կարգավիճակի նախադրյալներ ստեղծելը: Եվ ավարտեց Ջիվանու հայտնի տողերով. «Գայլը ոչխարի մորթին առել, գառներին պահապան հսկող է դառել, խելքի աշեցեք, աքլորը քարոզչի վերարկու հագել, ամբիոն է ելել, խելքի աշեցեք»:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ իրեն զերծ չպահեց այս թեմային խառնվելուց` խոսելով «վայ» գործիչների մասին, ովքեր քաղաքական շանտաժով են զբաղված եւ քաղաքական արկածախնդիրներ են հիշեցնում. «Հայաստանի վրա տղա կանչելու սովորույթը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ սովորույթ է դառնում»: Եվ խոսեց, որ ԱԺ ամբիոնից հարգանքով պետք է վերաբերվել մեկը մյուսին, ԱԺ նախագահին եւս պաշտպանեց` պետական ինստիտուտի խորհրդանիշն է. «Հոգու հիվանդությամբ են տառապում բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր բողոքում են սեփական հայրենիքից», ամփոփեց թեման նա:

Մեզ թույլ տանք նկատել, որ այս թեման արդեն նմանվում է ֆարսի, եւ շատ ստերեոտիպային մտայնություն է մեկին, այն էլ կին պատգամավորի, թիրախ դարձնելը, որպեսզի սեփական «ախ այնպիսի հայրենասիրությունն» ի ցույց դրվի, ինչը թափանցել է անգամ մամուլ. համաձայնությունների դաշտում աշխատելու անկարողության համար չի կարելի մի հարմար քավության նոխազ ընտրել եւ մարդկանց ուշադրությունը շեղել այդ ուղղությամբ:

Բլից` փակուղի՞, թե՞ ոչ

Երեկ մի փոքրիկ ճեպազրույց էինք անցկացրել, թե արդյո՞ք փակուղի են մտնում հայ-թուրքական հարաբերությունները: Պատասխանները փակուղային չէին: ԲՀԿ-ական Արամ Սաֆարյան. «Քանի Արեւմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շարունակում են հովանավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` մղելով կողմերին շարունակելու դրանք, այդքան նրանցից է կախված լինելու գործընթացի հետագա զարգացումը: Ամեն դեպքում մենք սպասում ենք Արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի խորհրդարանում»: Գալուստ Սահակյան (ՀՀԿ). «Չեմ կարծում, որ փակուղի է, որովհետեւ վերջին օրերի ընթացքում միջազգային հանրության արձագանքները կան, այսօր (երեկ-Մ.Խ.) նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի տեսակետը կա, որ որեւէ հարցի հետ չի կարելի խնդիրը կապել, ընդ որում` նա հարցն իմպերատիվ ձեւով է դրել: Այնպես որ, թուրքական շեշտադրումները պետք է որ փոխվեն, արդեն իսկ այդպիսի փոփոխություն նկատվում է»: Արտաշես Շահբազյան (ՀՅԴ). «Փակուղի կլիներ, եթե թուրքական կողմը դեմ լիներ, բայց դեմ չէ, եւ ես կարծում եմ, որ թուրքական կողմը կվավերացնի Արձանագրությունները, պարզապես ցանկանում է ավելին ստանալ: Արդեն իսկ նախապայմաններ ամրագրված են Արձանագրությունների մեջ: Եթե ՍԴ որոշումը չարտացոլվի որպես վերապահում` նրանք վավերացնելիս շահող կողմ են դուրս գալիս: Բայց թուրքերը ձեռքի հետ զուգահեռ նաեւ Ղարաբաղի հարցն են ուզում լուծել, նրանց հիստերիան ավելի շատ ուղղված է դրան: Հայկական կողմը պետք է կարողանա շարունակել այն տրամաբանությամբ, ինչ ՍԴ-ն է պարտավորեցրել»:

Մեր այս ճեպազրույցներին ավելացնենք Է. Շարմազանովի ձեւակերպումը ԱԺ հայտարարությունների ժամին, թե թուրքերը Արձանագրությունները ձգձգելու իրենց քաղաքականությունը շարունակելով` քաղաքական ապտակ ստացան նախ Ռուսաստանից, այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարությունից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4