Սա թուրք երիտասարդների կարծիքն է
Հայ թուրքական սահմանի բացման հնարավորությունը չեն բացառում, բայց եւ մոտ ապագայում չեն էլ ակնկալում թուրք երիտասարդները: Դեռ ավելին, նրանք կարծում են, որ սահմանի բացումը եւ հարաբերությունների սկսումը կախված են միմիայն հայկական կողմից:
Մեհթափը 26 տարեկան է, մասնագիտությամբ ուսուցչուհի է: Սահմանների բացմանը չի հավատում եւ գտնում է, որ Թուրքիան դեռ երկար պետք է մտածի որոշումն ընդունելուց առաջ: «Ամեն ինչ կախված է հայկական կողմի քայլերից: Եթե դուք դադարեք Եվրոմիության, Միացյալ Նահանգների եւ մյուս երկրների վրա ճնշում գործադրել եւ կանխել Թուրքիայի մուտքը միջազգային կառույցներ, ապա Թուրքիան, հաշվարկելով բացասական եւ դրական կողմերը, կորոշիՙ բացել սահմանը, թե` ոչ», նշեց Մեհթափը: Սահմանի բացման համար, Մեհթափի կարծիքով, այլ խոչընդոտներ չկան:
Ուսուցիչ Օմեր Ֆարուք Թյորերը 35 տարեկան է: Սահմանի բացման համար Օմերը որեւէ նախապայման առաջ չի քաշում. խոչընդոտներ էլ չի նշում: «Սահմաններն անկասկած կբացվեն, կարծում եմ առաջիկա երկու տարիների ընթացքում», ասաց Օմերը:
«Սահմանը պետք է որ բացվի: Բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Երկու երկրների միջեւ մի քանի կոնֆլիկտներ կան: Բացի այդ, Թուրքիայում կառավարությունն այս նախաձեռնությունը վեր է ածել լոկալ քաղաքական խնդրի», նկատեց Շենոլ Քարաբալթօղլուն : Շենոլը 27 տարեկան է եւ աշխատում է հասարակական կազմակերպությունում:
Սահմանի բացումը, նրանց կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին: Տնտեսական աջակցություն, այլընտրանքային ուղի աշխարհին միանալու համար. թվարկում են նրանք Հայաստանին սպասվող օգուտները սահմանի բացման դեպքում եւ զարմանում, որ Հայաստանն ու սփյուռքը շարունակում են «կեղծ տեղեկություններ տարածել» Թուրքիայի մասին: Եվ եթե Օմերն ու Շենոլը գոնե երբեմն փորձում են կասկածի ենթարկել սեփական կառավարության քարոզչամեքենան եւ ինքնուրույն դատել սփյուռքի պահանջատիրության եւ ցեղասպանության ճանաչման կոչերի մասին, ապա Մեհթափը մի պահ անգամ չի կասկածում թուրքական քարոզչամեքենայի ճշմարտացիությանը:
«Իմ կարծիքովՙ Հայաստանը մեր այն հարեւանն է, որ թաքնվում է կեղծիքի հետեւում: Եթե հայերն ուզում են հարեւանություն անել մեզ հետ, ապա պետք է վերջ տան իրենց մեղադրանքներին», ասաց Մեհթափը:
Շենոլը նշում է, որ թուրք հասարակության համար հայերը թշնամի են, ինչպես հույները: «Մեծամասնությունը չի ուզում հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Պատճառն, իմ կարծիքով, տիրող նախապաշարմունքներն են: Եվ այստեղ մեծ դեր ունի մամուլը, որը հաճախ է սադրիչ հայտարարություններ անում», ասաց Շենոլը:
Շեշտելով, որ այսօր Թուրքիայում ապրում եւ աշխատում են Հայաստանի քաղաքացիներ, նրանք նկատում են, որ իրականում դեմ չեն Հայաստանի հետ հարեւանություն անելուն, սակայն նախապայմաններ թելադրելուց զերծ չեն մնում: Եթե-ների շարքը սկսվում եւ ավարտվում է հայկական կողմի քայլերով: «Վերջ տալ ցեղասպանության ճանաչմանը, լուծել կոնֆլիկտները, եւ նոր միայն կբացվի սահմանը», ասացին նրանք:
Հայկական կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հնարավորությունը նրանք անիրականանալի են համարում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ