Եվրոպական փաստաթղթերը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու վրացական իրականությունը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն. դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ միջհամայնքային ընդհարումներ առաջացնում»: «Երկիր» միությունը ուշադրություն է հրավիրում հունվարի 25-ին Եվրոխորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի տարածած այս հայտարարությանը` ուղղված Եվրոխորհդի անդամ երկրներին, այդ թվում` Վրաստանին: Փաստաթղթում եւս մեկ անգամ ամրագրվում են ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշները:
Վրաստանի հայ փոքրամասնության համար առավել հրատապ են Համմարբերգի հայտարարույթան մի շարք դրույթներ: Մասնավորապես, ըստ Համմարբերգի տարածած հայտարարության, անձնագրերում անձնանունների գրության ձեւը, փողոցների անուններ եւ այլ տեղանուններ մայրենի լեզվով փակցնելը, դպրոցներում օգտագործվող լեզուն, իշխանությունների հետ հաղորդակցվելու լեզուն, փոքրամասնությունների լրատվամիջոցների հիմնադրման հնարավորությունը նման հարցեր նորից ու նորից բարձրացվում են եվրոպական մի քանի երկրների փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից:
«Լեզվական խնդիրներին առնչվող հարցերը նոր ֆենոմեն չեն: Իսկապես, մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի միջազգային եւ եվրոպական համաձայնագրերում ձեւակերպվել են նորմերՙ նվիրված այդ խնդիրների կարգավորմանը», նշվում է հայտարարության մեջ` փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաթղթերի հիշատակությանը զուգահեռ:
Վրաստանում հայ փոքրամասնության առնչությամբ հատկապես կարելի է մեջբերել Համմարբերգի հայտարարության այն հատվածը, որ վերաբերում է փոքրամասնության գերակշռությամբ շրջաններում լեզվի հարցերին: Մասնավորապես, «Այն շրջաններում, որի բնակչության գերակշիռ մասը կազմում են փոքրամասնության ներկայացուցիչները, տեղական իշխանությունները պետք է ընդունեն, որ անհրաժեշտության դեպքում փոքրամասնության լեզուն պետք է օգտագործվի պաշտոնական լեզվին զուգահեռ»:
Բոլոր այն դեպքերում, երբ այս պահանջի կատարման մասին բարձրաձայնում են ջավախահայերը կամ նրանց շահերի պաշտպանության կազմակերպություններն ու անձինք, Վրաստանն անմիջապես արձագանքում է հայերին «անջատողականներ» պիտակելով:
Որ կրթական ոլորտում հայերը Վրաստանում բազում խնդիրներ ունեն, նորություն չէ: Նորություն չէ նաեւ իշխանությունների հետ, այդ թվում` դատական, հարաբերվելու առնչությամբ փոքրամասնությունների իրավունքների բարձրաձայնումը: Սակայն «Ազգի» ընթերցողները հիշում են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարության ընթացքը, երբ դատարանում այդպես էլ հոդաբաշխ, հասկանալի ու տեղի ունեցողը քիչ թե շատ թարգմանող հայերեն չհնչեց: Մինչդեռ Համմարբերգն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ իշխանությունների հետ մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունը մարդու իրավունքների բնագավառի մեկ այլ խնդիր է, որ բարձրաձայնվում է ազգային փոքրամասնությունների կողմից: «Շրջանակային կոնվենցիան եւ Լեզուների խարտիան սահմանում են, որ իշխանությունները պարտավոր են փորձել գործարկել նման հաղորդակցությունը այնքանով, ինչքանով հնարավոր է եւ որտեղ առկա է դրա իրական կարիքը», ասվում է մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հայտարարությունում:
Իսկ այն, որ վրացերեն Վրաստանում բնակվող հայերը պետք է իմանան, որեւէ մեկը չի հերքել, սակայն վրացական կողմի լեզվի իմացության պահանջներին հաճախ վրացերենի մասնագետները չեն կարող բավարարել, ուր մնաց Ջավախքի` վրացերենի ուսուցիչ վաղուց չունեցող դպրոցների սաները: Այս առումով էլ Համմարբերգը նշում է. «Աշխատանքի ընդունման իրենց քաղաքականության մեջ հանրային կառավարման մարմինները չպետք է պահանջեն պետական լեզվի իմացություն առավել քան անհրաժեշտ է տվյալ մարմնում աշխատելու համար պահանջվածից: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց զբաղվածության հասանելիությունը չպետք է անհիմն սահմանափակվի: Դրա հետ զուգահեռ անհրաժեշտ է դրսեւորել կառուցողական մոտեցում, օրինակ պետական լեզվի ուսուցման հնարավորություն ստեղծելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից դիմողների համար: Միեւնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների իմացությամբ պետծառայողների աշխատանքի ընդունելը թույլ կտա կառավարման մարմիններին էլ ավելի լավ սպասարկել ամբողջ բնակչությանը: Պետք է խուսափել պետական լեզվի բռնի ներմուծմանն ուղղված պատժամիջոցներից»:
Համմարբերգն այդուհետեւ ընդհանրացնում է. «Վերոնշյալ հարցերի ուսումնասիրությունից քաղվելիք հիմնական դասն այն է, որ մարդու իրավունքներին առնչվող մտահոգությունները կարող են արդյունավետ լուծվել միայն ազգային փոքրամասնությունների իրական պահանջմունքների լուրջ գնահատման միջոցով: Շատ հաճախ իշխանությունները հաշվի չեն առնում դրանք, երբ մշակում են իրենց քաղաքականությունը: Չափազանց կարեւոր է, որ իշխանությունները սերտ կապեր պահպանեն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հետ եւ ձգտեն հաստատուն ու շարունակական խորհրդակցությունների կառուցողական երկխոսության»:
Հետաքրքրական է, թե վրացական իշխանություններն ինչպես են վերաբերվում այս հայտարարությանը: Գուցե դրական, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը կույր հետեւողականությամբ ու համառությամբ «զբաղվում է օկուպացված տարածքների», ասել է թե՛ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փոքրամասնությունների խնդիրներով, մինչդեռ երկրի ներսում հայ ու ադրբեջանցի ու էլի մի շարք փոքրամասնություններ ոչ լեզվի, ոչ կրոնի, ոչ էլ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից օգտվելու հնարավորության չեն արժանանում: