«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


«ԱՅՍ ԲԱՆԱԿՈՎ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ ՂԱՐԱԲԱՂԸ»

Կարծում են շարքային ադրբեջանցիները

«Ադրբեջանական բանակում տարբեր տեսակի բացասական երեւույթներ կան, ընդհուպ` զինվորների բռնաբարություն: «Կաշառակերությունը բանակում նորմալ երեւույթ է դարձել», «Նման բանակով մենք պետք է մոռանանք Ղարաբաղը», «Ինձ հայտնի է, որ աղքատ տղաների գլխին բանակում ամեն ինչ սարքում են», «Ես անձամբ վկա եմ եղել, թե փող չտալու պատճառով սպան ինչպես է ջարդել զինվորի բերանը»: Այս ամենը ադրբեջանական` «տարածաշրջանի ամենահզոր բանակի» մասին է, ընդ որում մեջբերումները հայկական լրատվամիջոցներից չեն. այս ամենը բարձրաձայնում են շարքային ադրբեջանցիները:

Հայկական բանակի օրը` հունվարի 28-ին, ադրբեջանական բանակի Դաշքեսանի զորամասերից մեկում երկու զինվոր սպանել էին 4-ին, հետո ինքնասպան եղել (այս մասին «Ազգ» -ը գրել էր), եւ ահա ադրբեջանական «Ազադլիգ»-ը ներկայացրել է ադրբեջանական հասարակության վերաբերմունքն ու գնահատականները: Ընթերցող Իլքինը «Ազադլիգ»-ի էջերում գրում է. «Ժողովրդավարական երկրներում նման իրադարձությունից հետո պաշտպանության նախարարը հրաժարական է տալիս, իսկ Սաֆար Աբիեւին «Փառքի» շքանշան են տալիս: Նման բանակով ոչ մի շրջան հնարավոր չէ վերադարձնել: Ափսոս տրամադրվող միլիարդավոր գումարները, որ այդպես էլ բանակը չի զարգանում»: «Զինծառայության հենց առաջին օրվանից սպաները, «դեմբելների» ու սերժանտների հետ նորակոչիկներին «հասկացնում են», որ զորամասում կատարվող իրադարձությունների մասին լռեն, որ այդ մասին տեղեկացնողն «ազգի դավաճան է» եւ «նզովյալ: Բոլոր այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ծախու ռեժիմի բանակում կարգուկանոն չկա», գրում է Էլվին Բյունյադը:

Խնայելով մեր ընթերցողին` սահմանափակվենք այսքան մեջբերումներով, մինչդեռ դրանք, եւ ընդ որումՙ ամոթալիները, բազմաթիվ են:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4