Ինչպես տեղեկացանք «Արդշինիվեստբանկի» մամուլի ծառայությունից, բանկը 2009-ի տվյալներով Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է պետական բյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով եւ 2-րդ բանկը խոշոր հարկատուների ցուցակում: Մասնավորապես, անցյալ տարի «Արդշինինվեստբանկի» վճարած սոցիալական վճարները կազմել են 328 մլն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները` 2,3 մլրդ դրամ:
2009-ի գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այն երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 մլն դրամ) եւ ընդհանուր կապիտալի (27 335 մլն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ «Արդշինինվեստբանկը» բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ` 5-րդ տեղը:
Այս ցուցանիշների կապակցությամբ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշել է. «Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դժվարին 2009 թվականը: Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: «Արդշինինվեստբանկը», սոցիալական եւ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը` սոցիալական ծրագրերի իրականացման գործում»:
Ա. Մ.