Գարեգին Նժդեհի հրապարարակում տեղակայված «Մետրո» թատրոնն արտաքուստ նման է մի սովորական կիսաավեր կրպակի: Թատրոնը հիմնովին վերանորոգվել է 1992թվականին`հիմնադրման օրը: Չնայած շենքային անբարենպաստ պայմաններին` այստեղ տիրում է թատերական ակտիվ եռուզեռ:
«Մետրո» թատրոնում կարելի է տեսնել թատերական արվեստի տարբեր նորարարություններ: Թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար զուտ այն պատճառով, որպեսզի ռեժիսորներն այստեղ կարողանան ազատ ստեղծագործել: Այսպես, ամեն մի ռեժիսոր իր գեղարվեստական մտածողությունն է բերում թատրոն, ինչով էլ պայմանավորված է հանդիսատեսի հետաքրքրությունը դեպի այս թատրոնը:
«Բեմադրության համար անհրաժեշտ ծախսերը հոգում է թատրոնը, ոչ թե ռեժիսորը: Հանդիսատեսից չենք բողոքում, այսօր մենք ունենք ոչ թե հանդիսատեսի պակաս, այլ լավ ներկայացումների», ասում է «Մետրո» թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանը :
Ամենասեղմ ներկայացման համար պահանջվում է 5-10 հազար դոլար, թատրոնը դիմել է մշակույթի նախարարությանը, որպեսզի վերջինս գոնե մի ներկայացում հովանավորի, բայց պատասխան դեռ չի ստացել:
«Հյուրախաղերով հանդես ենք եկել Հայաստանի տարբեր մարզերում, ունենք նաեւ արտասահմանում խաղալու հրավերներ, բայց դե դուրս մեկնելու համար հովանավորներ չունենք», նշում է Կարեն Միրաքյանը:
«Մետրո» թատրոնը իրականացնում է նաեւ բարեգործական ծրագրեր. անվճար տոմսեր է բաժանում մանկատներին ու դպրոցներին: Ըստ տնօրենի` եթե 10 երեխա գա թատրոն, ապա նրանցից 3-ը հետագայում կդառնան նվիրված հանդիսատես: Դեռ վաղ հասակից երեխաները պետք է առնչվեն արվեստի հետ, որպեսզի հետագայում գնահատեն ու սիրեն արվեստը:
Այսօր քիչ են թատրոնին նվիրված դերասանները: Եթե դերասանը թատրոնում ստանում է 30 հազար դրամ, ապա նա ստիպված խաղում է նաեւ սերիալներում կամ վարում է տարբեր անճաշակ շոուներ:
«Մետրո» թատրոնը պատկանում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնին եւ գործում է կրթության ու գիտության նախարարությանը կից:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ