«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


ԿԻԼԻԿՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՅՈՒՐԱՏԻՊ ԵՆ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ԼՈՒՍԱՆՑԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը լույս է ընծայել մանրանկարչուհի Սուսաննա Հովհաննիսյանի (1948-2005) «Կիլիկյան ձեռագրերի լուսանցապատկերները» XIII-XIV դդ. ալբոմըՙ հովանավորությամբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամիՙ ի դեմս պատվո նախագահ Գաբրիել Ջեմպերջյանի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի: Ալբոմը կազմված է Մատենադարանի նյութերի հիման վրա, որոնց վերաբերյալ հեղինակը մանրամասներ է հաղորդում իր գրած առաջաբանում. «Կիլիկյան ձեռագրերում եւ, ընդհանրապես, հայկական մանրանկարչության դպրոցներում, ամենից շատ լուսանցներում հանդիպում են բուսական եւ երկրաչափական զարդեր: Դրանք մեծ մասամբ կազմված են եռատերեւ եւ քառատերեւ ոճավորված բուսահյուսվածքներից, որոնց ոսկեզօծ շրջագծերի մեջ առնված գույները փայլում են թանկարժեք քարերի նման: Մի ամբողջ խումբ են կազմում այն լուսանցազարդերը, որոնց ցողունների գեղեցիկ հյուսվածքները ձգվելով վեր, գագաթներին ունենում են փոքրիկ խաչ կամ թռչուն»:

Սուսաննա Հովհաննիսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ վարպետների նախասիրած զարդամոտիվներից է հնամենի կենաց ծառը, որն իր մեջ խտացնելով իրական եւ երեւակայական գերբնական աշխարհների, տոհմերի ու ցեղերի նախնական գաղափարները, աստիճանաբար հարաբերվելով քրիստոնեական պատկերացումների հետ, իմաստավորում է Քրիստոսի խաչըՙ դառնալով հավիտենական կյանքի խորհրդանիշ:

Հեղինակը նշում է, որ լուսանցներում մեծ թիվ են կազմում Հին կտակարանի կերպարներըՙ Դանիել մարգարեն, Հոբը, Հակոբը, Փիլիպոսը, Աբրահամը, Մաղաքիան, Հուդիթը, Հովհանը, Դավիթ թագավորը, Սողոմոն իմաստունը, Ստեփանոս Նախավկան, Մովսեսը եւ մյուսներըՙ ներկայացված համապատասխան բնագրի հարեւանությամբ: «Երբեմն առանց անունները կարդալու հնարավոր է կռահել, թե ո՞վ է պատկերվածՙ Դավիթ թագավորըՙ պալատական շքեղ հագուստով, տավիղը ձեռքին, Եսթերըՙ թագը գլխին, ծալապատիկ նստած, Հուդիթըՙ երկար քողը գլխին:

Նույն եղանակով են ներկայացված նաեւ Նոր Կտակարանի կերպարները. Պողոսը կանգնած, ճաղատ գլխով, Սուրբ գիրքը ձեռքին սեղմած: Հովհաննես Մկրտիչն իրեն բնորոշ խռիվ մազերով է եւ ցույց է տալիս ձեռքին բռնած գալարափաթեթը, որտեղ կան հետեւյալ բառերը. «Ձայն բարբառոյ յանապատի...»: Գրիգոր Լուսավորիչը պատկերվում է մեծ մասամբ գոտկատեղից վեր եւ միշտ խաչազարդ թիկնոցով: Հետաքրքրական է աղքատ եւ հարուստ Ղազարոսների առակի պատկերումըՙ աղքատը մահից հետո հայր Աբրահամի գրկում, հարուստըՙ սարսափելի վիշապի երախում»:

Ինչպես նշված է առաջաբանում, կիլիկյան ձեռագրերում հանդիպում է մի թեմա, որը գրեթե ընդունված չէ հայկական մանրանկարչության մյուս դպրոցներում: Խոսքը մայրացող կանանցՙ Եղիսաբեթի ու Մարիամի գրկախառնման տեսարանի մասին է: Մատենադարանի թիվ 979 Ճաշոցում միմյանց փաթաթված կանանց որովայնում երեւում են մանուկ Հիսուսի եւ Հովհաննես Մկրտչի գլուխներըՙ զարդարված ոսկեզօծ լուսապսակներով: «Հետաքրքրական լուծումներով է տրված Հիսուսի հրաշագործության տեսարանները: Ըստ էության, այդ դրվագներում է ի հայտ գալիս Փրկչի աստվածաշնորհ կարողությունը: Զանազան հիվանդություններից ու արատներից ազատվելու հանգամանքը հույսի եւ փրկության նշանակություն է ունեցել մարդկանց համար, առավել եւսՙ հայի: Դարեր շարունակ գտնվելով վայրենաբարո ցեղերի գերիշխանության տակ, կրելով անասելի տառապանքներ ու զոհողություններ, հաճախ էլ ապաստանելով օտար ափերումՙ հայ մարդը ազատագրման հույսը կապում էր Քրիստոսի հետ», գրել է Սուսաննա Հովհաննիսյանը, հավելելով, որ հրաշագործությունների շարքում կիլիկյան մանրանկարիչներին ամենից շատ գրավել են ծովի հետ կապված տեսարանները: Ինչ վերաբերում է լուսանցներում հանդիպող աշխարհիկ-ֆոլկլորային մոտիվներին, ըստ հեղինակի, դրանք ունեն ճանաչողական նշանակություն: Հատուկ ուշադրության են արժանացել զարդային կամ թեմատիկ այն մոտիվները, որոնք նախնական ձեւերով կապված են եղել հին հավատալիքների ու պատկերացումների հետ, սակայն հետագայում ստացել են նոր իմաստավորումՙ հարմարվելով տիրապետող քրիստոնեական գաղափարներին: Նկատելի են նաեւ շփումները բյուզանդական, լատինական Եվրոպային եւ արեւելյան (նույնիսկ հեռավոր) ժողովուրդների արվեստների հետ, որոնք նպաստել են կիլիկյան զարդարվեստը հարստացնելու նոր հորինվածքներով ու պատկերաձեւերով»:

Ալբոմում ընդգրկված են նաեւ Սուսաննա Հովհաննիսյանի կենսագրականը եւ 6 ձեռագրերի մակետներըՙ պատրաստված իր իսկ ձեռքով: Աստվածաշնորհ մանրանկարչուհու ընդօրինակած թերթերը ժամանակին ցուցադրվել են Հայաստանի նշանավոր թանգարաններում, Երուսաղեմի Սբ Հակոբեանց վանքում, Գերմանիայի Բոխում քաղաքում եւ այլուր: Նրան հրավիրել են մասնակցելու հայկական միջնադարյան եկեղեցիների որմնանկարչության ընդօրինակման աշխատանքներին. Արուչի VII դ. պալատական եկեղեցին, Ղրիմի ս.Խաչ հայկական վանքը եւ այլն: Անմիջականորեն շփվելով մեծարժեք բնագրերի հետ, տարիների ընթացքում նա ընտրել, հավաքել է նյութերՙ կազմելու կիլիկյան ձեռագրերի լուսանցապատկերներին նվիրված շքեղ ալբոմը, որը կարողացել է ավարտել ֆիզիկական ուժերի լարման եւ ծանր հիվանդությանը դիմակայելու պայմաններում: Եվ ահա այդ ալբոմը Մատենադարանի տնօրինության ջանքերով ներկայացվում է արվեստասեր լայն հասարակայնությանը, որպես մնայուն եւ գեղեցիկ հուշարձանՙ ի հիշատակ իսկական մատենադարանցուն եւ ազնվագույն մարդունՙ մանրանկարչուհի Սուսաննա Հովհաննիսյանին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4