Փետրվարի 12-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կտրվի ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաշխարհային սպորտի այդ ստուգատեսին Հայաստանը ներկայացված կլինի 4 մարզիկով: Դահուկավազքում հանդես կգան գյումրեցի Քրիստինե Խաչատրյանն ու աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, իսկ լեռնադահուկային սպորտի մրցումներին կմասնակցեն ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանն ու ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը: Վերջինս կլինի մեր պատվիրակության դրոշակակիրը խաղերի բացման արարողության ժամանակ:
ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է: Վանկուվեր կմեկնեն նաեւ մարզիչներ Սլավիկ Սարգսյանը, Գագիկ Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Լյովա Հարությունյանը, Ասատուր Պողոսյանը, ինչպես նաեւ մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ օլիմպիական պատվիրակության հանդիպումը լրագրողների հետ, որին ներկա էին նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը:
Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ հավաքականը օլիմպիական խաղերին կմասնակցի «Ասիքս» ֆիրմայի մարզահագուստով: Նախապատրաստական բոլոր աշխատանքներըՙ ուսումնամարզական հավաքներ, հանրապետական եւ միջազգային մրցաշարեր, ներառյալ հանդերձանք, մարզահագուստ, ֆինանսավորում, դրական լուծում են ստացել ՀԱՕԿ-ի նախագահի աջակցությամբ:
Գագիկ Ծառուկյանը բարի ճանապարհ եւ հաջող մրցելույթներ մաղթեց մեր օլիմպիականներին. «Սկսվում են ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցելու ենք չորս մարզիկներով: Մեր ցանկությունն է, որպեսզի կարողանանք լավ մասնակցել: Իհարկե, մեդալների ակնկալիքներ չունենք, սակայն եթե հաջողվի որեւէ մեկին լավագույն տասնյակում հայտնվել, դա արդեն մեծ հաջողություն կլինի: Ունենք լավ մարզիկներ, սակայն Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս շուրջ տարին մարզվելու ձմեռային մարզաձեւերի մեր ներկայացուցիչներին: Ճիշտ է, աշխատում ենք ուսումնամարզական հավաքներ անցկացնել արտերկրում, մասնակցել միջազգային մրցումների: Դուք երիտասարդ, առույգ մարզիկներ եք ու պետք է ձգտեք ձեր աշխատասիրությամբ բարձր արդյունքների հասնել: Բարի ճանապարհ ենք մաղթում ու սպասում ուրախալի լուրերի»:
Վանկուվերում մեր քառյակից առաջինն ասպարեզ դուրս կգա Սերգեյ Միքայելյանը: Նա փետրվարի 15-ին կմասնակցի 15 կմ դահուկային արագավազքին: Երկու օր անց նույն մարզաձեւում կմեկնարկի Քրիստինե Խաչատրյանը: Փետրվարի 21-ին հսկա ոլորավայրէջքի մրցումներին կմասնակցի Արսեն Ներսիսյանը: Նույն մրցաձեւում Անի-Մաթիլդա Սերեբրակյանը հանդես կգա փետրվարի 24-ին: 2 օր անց նա կմասնակցի ոլորավայրէջքի մրցումներին, իսկ հաջորդ օրը նույն մարզաձեւում մեկնարկի դուրս կգա Արսեն Ներսիսյանը:
Հայաստանի մարզիկներն առաջին անգամ ձմեռային օլիմպիադային մասնակցել են 1994-ին, Լիլեհամերում: Վանկուվերի օլիմպիադան մեր մարզիկների համար 5-րդն է: Առայժմ հայ մարզիկները հավատարիմ են օլիմպիական սկզբունքինՙ կարեւորը մասնակցությունն է: Նրանք Վանկուվեր կմեկնեն փետրվարի 5-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիադայի մասնակցի քարտը հանձնում է Արսեն Ներսիսյանին