ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի հետաքրքրական մասը սովորաբար Հայաստանի արտաքին հարաբերություններին է վերաբերում (գոնե լրագրողներիս այդպես է թվում): Երեկ էլ այդ մասին մեր խորհրդարանականները հարցեր հնչեցրին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: ԼՂ կարգավորման վերաբերյալ հարց ուղղեցին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը : Ն. Զոհրաբյանը հետաքրքրվեց Ալիեւ-Սարգսյան Սոչիի հանդիպումից հետո տարածված այն լուրերով, թե ԼՂ կարգավորման վերաբերյալ սկզբունքների նախաբանում նշված է բանակցություններին ԼՂ մասնակցության մասին, որն ադրբեջանցիները հերքեցին: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե բազմաթիվ անգամ ասվել է` բանակցություններին առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ համաձայնության գալ. «Այն, ինչ ադրբեջանցիներն են ասում, ցույց է տալիս նրանց ապակառուցողական մոտեցման եւս մեկ դրսեւորում: Մեր մոտեցումը Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ ըմբռնում է գտնում նաեւ եռանախագահ երկրների կողմից»:
Հ. Բիշարյանը իրազեկեց Է. Նալբանդյանին, թե Սոչիում Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը` համաձայնեցված նախաբանի վերաբերյալ, հիմք է տվել, որ ադրբեջանցիները ենթադրեն բանակցությունների ավարտին մոտենալու մասին, արդյո՞ք դրա մեջ ճշմարտություն կա: «ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի հայտարարությունը, որ ընդհանուր ըմբռնում կա առաջարկությունները քննարկվող փաստաթղթի նախաբանի վերաբերյալ, չեմ կարծում, թե որեւէ մեկին հնարավորություն է տալիս եզրակացության գալու, որ (բանակցություններն) արդեն ավարտին ենք մոտենում. մեկ-մեկ ադրեջանցիները ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են անում, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք իրենց հետ են բանակցում եւ հայտարարություններ են անում»:
«Ի՞նչ նախաբանի մասին է խոսքը», խոսքն առաջ տարավ Հ. Բիշարյանը. «Եթե կողմերի միջեւ պայմանավորվածություն լիներ հրապարակելու նախաբանի մանրամասները, ապա դա կարվեր, բայց ես կարող եմ ասել, որ այդ նախաբանը համահունչ է, օրինակ, Աթենքում կայացած 56 երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությանը, որտեղ առաջին անգամ ամրագրվեց ինքնորոշման իրավունքը նաեւ»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով էլ օրերս «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության 6-րդ խորհրդարանական վեհաժողովում մի բանաձեւով կոչ է արվել կազմակերպության անդամ երկրներին` Խոջալուի դեպքերը ճանաչելու ցեղասպանություն, ինչպե՞ս հակազդենք այդպիսի գործընթացներին: Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը նկատեց, թե վերջին երկու տարվա ընթացքում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները որեւէ հայտարարություն չեն արել, որ համահունչ չլինի հայկական կողմի տեսակետներին, իսկ «Իսլամական կոնֆերանսում» որոշումներն ընդունվում են հաճախ առանց քվեարկության, Հայաստանն այդպիսի որոշումների ուղղությամբ աշխատանքներ տանում է. «Այդ նույն երկրներն «Իսլամական կոնֆերանսից» դուրս այլ դիրքորոշումներ են արտահայտում», նկատեց Է. Նալբանդյանը:
Մյուս ուշադրության արժանի երկխոսությունը Շիրակ Թորոսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ էր. առաջինը հետաքրքրվում էր թե Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում եղե՞լ է քննարկում Վրաստանի հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու եւ հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային համարելու մասին: Վարչապետը պատասխանեց, որ, այո, այդ հարցերը քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Հայաստանը վերապատրաստելու է Ջավախքի հայկական դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներին, իսկ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարություններն էլ համատեղ ջանալու են հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: