Երեկ իր պաթոսի բարձրակետին հասավ «Հարկերի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների այն փաթեթը, որ դեռ երեքշաբթի երեկոյից սկսել էր քննարկվել Ազգային ժողովում եւ եզրափակվեց երեկ: Այս փաթեթը երկարատեւ հանգստից հետո հավեսի էր գցել մեր պատգամավորներին` իրենց քաղաքական-գաղափարական ողջ սպառազինություններն ի ցույց դնելու, եւ այդ առիթը լավագույնս օգտագործվեց:
Հիշեցնենք կառավարության այս առաջարկների շրջանակը, որ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանն էր ներկայացրել. սահմանվում են նոր հարկատեսակներ, դրանցից պարտադիր` հողի հարկն ու գույքահարկը: Սահմանման ենթակա են նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված գույքի հարկ, վաճառքի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքասեփականության օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքը զբաղեցնելու հարկ, որոնց վերաբերյալ դեռ առաջարկվելու են առանձին օրինագծեր: Այս առաջարկները գլխադասային` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբ, հանձնաժողովում բուռն քննարկվել են, քննարկումներում հնչած մտահոգությունները նա կրկին ներկայացրել էր Ազգային ժողովի ամբիոնից, դրանք հնչեցրին նաեւ մյուս պատգամավորները բազմաթիվ ելույթներում` նոր հարկատեսակներ են կյանքի իրավունք ստանում, ավելանում է հարկային բեռը` սոցիալական հետեւանքներով...
Ու չնայած այդ մտահոգություններին` հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել փաթեթին` ակնկալելով դրանք ապագայում վերանայել ու լրացնել: Սակայն մեկ օր առաջ դեռ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ ակտիվ խառնվում էր քննարկումներին, նկատել էր, թե ո՞ւր ենք շտապում, մանրամասն պետք է քննարկել փաթեթը, լսել տեղական ինքնակառավարման մարմինների մարդկանց` այս ոլորտը զարգացնելու համատեքստում նայելով փոփոխություններին, եւ ապա հայտարարել էր, որ կառավարության հետ խորհրդակցելով` հանգել են փաթեթը 15 օրով հետաձգելու փոխզիջմանը: Չորեքշաբթի օրվա բավական բուռն ելույթները քիչ թվացին պատգամավորներին, երեկ նրանք նորից «հուպ տվեցին», ընդ որում փաթեթի հետ կապված մտահոգություններ ունեին ե՛ւ կոալիցիոն պատգամավորները, ե՛ւ ընդդիմությունը: Օրինակ` մեկ օր առաջ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասում էր, որ առանձին հարկատեսակների` առաջիկայում ընդունելիք օրինագծերն ա՛յս փաթեթում պիտի լինեին, Վարդան Խաչատրյանը սա «պտուտակաձգում» անվանեց` այս ճգնաժամին, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանին գոհացնում էին համայնքների ղեկավարներին տրվող նոր լիազորությունները` գույքահարկից եւ հողի հարկից պարտքեր չեն կուտակվի: Արծվիկ Մինասյանը հակասությւոններ էր գտել փաթեթի եւ սահմանադրության միջեւ, Սամվել Բալասանյանն ավելի կոշտ էր եղել` առաջարկելով փաթեթը հետ ուղարկել:
Երեկ արդեն ելույթների քաղաքական նրբերանգներն ավելացան: Վիկտոր Դալլաքյանը փաթեթի քվեարկությունն անգամ հասցրեց կառավարության վստահության հարցին` օրենքն անցնի, լավ, չի անցնի` հրաժարական թող տա, ու թե` բա կառավարությունում կոալիցիայի նախարարները կողմ են եղել, հիմա քննադատողները կամ թող հետ կանչեն իրենց նախարարներին, կամ...: Ըստ նրա` դահլիճում դեմ ելույթ ունեցողները փիսիկի նման կողմ են քվեարկելու փաթեթին, դեռ ավելացրեց. «Մարդիկ հացի փող չունեն` դուք քերա՞ն եք անում»: Հեշտ է Դալլաքյանի համար` ինքն իր մի ձայնի տերն է եւ կարող է եւ ամենասուր ելույթներն ունենալ, եւ դեմ քվեարկել, իսկ ՀՀԿ-ականները, ՕԵԿ-ականները եւ մյուսները կուսակցություն եւ քվեարկողների որոշակի թիվ ունեն իրենց հետեւում:
Շատերի կարծիքով` այս փաթեթը կապիտալի եւ ունեցվածքի վերադասավորության է տանելու, երբ հնարավորություն չունեցող մանր սեփականատերերն իրենց ունեցվածքը ստիպված են լինելու վաճառել մեծահարուստներին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դիմեց գործընկերներին, թե եթե այդքան քննադատում էիք` կառավարությունից մի անգամ պահանջեիք պարզաբանումներ տալ: Նրա կարծիքով, կարելի էր դեռ երեկ էլ քվեարկել փաթեթը, եւ կանցներ, բայց պատգամավորների անգիտությունը 15 օրում գուցե բերի գիտության` օրենքի բուն նյութն իմանան: Էլի ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ուզում էր, որ կառավարությունը հիմնավորումները բերեր հարկատեսակների վերաբերյալ: «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանը , ինչպես միշտ, պատկերավոր ընդդիմախոսեց` պետության պիրատության, փայ մտնելու, ռեկետ անելու նախագիծ անվանելով փաթեթը: Հեղինե Բիշարյանն առաջարկում էր մի թիզ հող ունեցողից ոչ թե այն վերցնելու մասին մտածել, այլ հնարավորություն ստեղծել մշակելու, վարկ տալուց եւ ժամկետ սահմանելուց հետո միայն խոսել վերցնելուց: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե փաթեթում հիշատակված հայեցակարգից տեղյակ չէ եւ անհասկանալի է, թե այդ ի՞նչ դիցաբանական, գոյություն չունեցող հայեցակարգից է ծագել փաթեթը: «Եվրոռեմոնտ» անող ու ջիպ ունեցող գյուղապետների մասին խոսելով, որոնց լրացուցիչ լիազորություններ են տրվում, նա նկատեց, թե ինքը դեմ է ոչ թե ՏԻՄ-երի ուժեղացմանը, այլ կիրառվող մեխանիզմներին. այնուամենայնիվ Վ. Հովհաննիսյանը գտավ, որ 15 օրը բավարար է մտահոգություններին ու պրոբլեմներին լուծում տալու համար, նաեւ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակ կա: Մինչդեռ նրա գործընկեր Արա Նռանյանն ասում էր, թե սա լրացուցիչ միջոց է` ընտրությունների ժամանակ դերակատարում ունեցող համայնքապետների համարՙ լրացուցիչ գումարներ վաստակելու: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին դուր չէին գալիս «բստրված» հարկերը. օրինակ` կա հողի հարկ, իսկ այժմ սահմանվելու է անմշակ հողի հարկ, մի խոսքով. «Կարգին օրենք բերեք», ասաց: «Ազգին» ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանը , սակայն, ասաց, թե ինքը մտահոգություն չունի եւ կարծում է, որ այդ փաթեթըը պետք է ընդունվի. «Հարկերը, հարկային բեռը չեն ավելանում: Մի պարզ բան` հարցրեք տեսեք` հողի հարկն ու գույքահարկը կարողանո՞ւմ են հավաքել, չեն կարողանում: Մանավանդ` անավարտ շինարարությունները: Հողերի մեծամասնությունն այս կամ այն քաղաքացու սեփականությունն է, նրանք ոչ մշակում են, ոչ գյուղատնտեսական մթերքներ են արտադրում, ոչ արոտավայր են դարձնում, ոչ խոտհարք»:
Սակայն բոլորից ավելի հարցերին տեղյակ մոտեցավ ԱԺ նախագահը, որը ոլորտը լավ իմանալով մի շարք առաջարկներ արեց` նախ նկատելով, թե ոչ ոք չնշեց, որ հարկերը գնալու են զուտ համայնքային բյուջե, համայնքն են զարգացնելու:
Բայց նաեւ վարչապետին ուղղեց (Վ. Տերտերյանին ասելու միջոցով) իր առաջարկները. գույքահարկի հետ խնդիր չկա, բայց տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիների հարկը պետք է վերաբերի Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքներին, հյուրանոցի հարկը սոցիալական խնդիր չի առաջացնում` դրանով մեծահարուստներն են զբաղված, կառուցապատման, գովազդի տեղադրման, գյուղատնտեսության նշանակության անմշակ հողերի հարկերը պետք է հանվեն, հյուրանոցի հարկը պետք է քննարկվի Երեւանի մակարդակով: Նա առաջարկեց կառավարությանը 15 օրվա ընթացքում հանձնաժողովի հետ քննարկել առաջարկները, բոլորի տեսակետները ճշտել, եւ 15 օրից հետո, երբ փաթեթը դրվի քվեարկության, պիտի ասվիՙ այս առաջարկներն ընդունվե՞լ են, թե՞ ոչ:
Գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի եզրափակիչ ելույթից պարզ դարձավ, որ նրան հաջողվել էր շատերի դիմակը պատռել` ցույց տալով ովքե՞ր մի ճամբարում կոստյում են հագնում, մի ճամբարում` խալաթ:
Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանն իր եզրափակիչ ելույթում համաձայն չէր օրենքը քաղաքականացնելուն, նաեւ` որ փաթեթը լայն ազդեցություն կունենա սոցիալական խավերի վրա: Ըստ Տերտերյանի` լրիվ հակառակն է, այս օրենքները տնտեսական որոշակի քաղաքականություն վարելու հնարավորություն կտան համայնքներին, իսկ խմբագրումները քվեարկությունից առաջ խոստացավ: Մի խոսքով` առաջարկեց քվեարկությունը թողնել պատեհ պահի, իսկ պատեհ պահը 15 օր հետո է լինելու, ինչպես եւ առաջարկել էր ԱԺ նախագահը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ