Վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը, նույնիսկ փոխադարձ վիրավորանքները իսրայելա-թուրքական հարաբերություններում ստիպել են հրեաներին` հիշել «արդի մարդկության մեծագույն ոճիրը»` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Բացի նրանից, որ իսրայելական որոշ լրատվամիջոցներ պահանջում են դատապարտել Թուրքիային հայերի ցեղասպանության համար, նաեւ աշխարհի տարբեր անկյուններում հրեական համայնքն է արդեն բացահայտ խոսում «1915-ի իրադարձությունների» մասին` տալով դրանց իրական անվանումը` ցեղասպանություն: Երեկ «Ազգը» գրել էր, որ Իսրայելի կրթության նախկին նախարարը հրեական «Հաարեց» թերթում գրել էր Հայոց ցեղասպանության անհերքելիության մասին, եւ ահա նոր` արդարության վերականգնման փորձ Միացյալ Նահանգներում: Այդ երկրի հրեական համայնքը միացել է հայկական համայնքին` պահանջելով նախագահ Օբամայից եւ Կոնգրեսից ընդունել ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: «Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների ղեկավարները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանցՙ ստորագրել նամակը, որն ուղղված է լինելու Օբամային եւ Կոնգրեսին` վերջիններիս կողմից հայերի ցեղասպանությունը դատապարտելու պահանջով», այս մասին, Asbarez.com-ի փոխանցմամբ, հաղորդել է Մասաչուսեթսի հայկական համայնքը: Իսկ նախաձեռնության համանախագահ Լաուրա Պողոսյանը նշել է. «Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ հայկական եւ հրեական համայնքներն էլ արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք պետքարտուղարությունում թե լոբբիիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»:
Հ. Ա.