Փետրվարի 5-ից Ստամբուլում կբացվի եւ մինչեւ մարտի 5-ը կգործի բեռլինաբնակ հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը BM SUMA ժամանակակից արվեստի կենտրոնի հովանավորությամբ: «Ապրես, իմ փոքրիկ երեխա» ցուցահանդեսը արվեստագետը հավաքել է 20 տարի շարունակ, մեկտեղելով թուրքերի հետ ունեցած իր բոլոր լավ ու վատ շփումները, ծանոթությունները, եւ շաղկապում է հիշողության, ներողամտության ու հաշտեցման ընթացքի հետ: Ամենատարբեր ինստալացիաների միջոցով հեղինակը անդրադառնում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկա խնդիրներին, Մեծ եղեռնին եւ մերժողականությանը: Սիլվինայի պապերը նույնպես Արեւմտյան Հայաստանից են: Նա թոռնուհին է Արգենտինա գաղթած հայ գաղթականների, որտեղ եւ ծնվել է 1967 թվականին: 1988 թվականին նա տեղափոխվել է Բեռլին եւ ակտիվ աշխատանք տարել ժամանակակից արվեստի բնագավառում, մասնակցելով միջազգային մի շարք արտ-ծրագրերի:
Հ. Ա., Պրահա