Տաջիկստանի «Երեկոյան Դուշանբե» թերթին տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ նախկին սովետական տարածաշրջանում նոր պատերազմ սկսվելու հեռանկար ինքը չի տեսնում. «Առհասարակ միայն քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներ են անհրաժեշտ հակամարտությունները լուծելու համար, իսկ դրանք, հավատացեք, բավարար են: Սակայն միակ տարածաշրջանը, որտեղ որոշ հեռանկարներ կան պատերազմի, Աֆղանստանն է», շեշտել է Բորդյուժան: Կոնկրետ նախկին սովետական երկրների հակամարտությունների մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, թե «կան երկրների առաջնորդներ, որոնք քաջ տեղյակ են հակամարտությունների պատմությանը, իսկ դա բավարար է ճիշտ որոշումներ կայացնելու համար»:
ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցության մասին խոսելիս` Բորդյուժան նկատել է, որ դրա կարիքը կա հատկապես Աֆղանստանում եւ Իրանի ուղղությամբ: «Աֆղանստանն ու Իրանը միակ երկրներն են եվրասիական տարածաշրջանում, որտեղ կայունության պահպանումը թերի է, եւ մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության փոփոխությունից հետո մեր երկու կազմակերպությունները կկարողանանան համագործակցել գոնե այս երկու ուղղություններով», նշել է ՀԱՊԿ քարտուղարը:
Բորդյուժայի այս հայտարարությունները հատկապես կարեւոր են վերջերս ԱՄՆ-ից հնչած որոշ դիտարկումների ֆոնին ( «Ազգ» -ը անդրադարձել եւ ներկա համարում անդրադարձել է այդ դիտարկումներին): Մասնավորապես, հիշեցնենք, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերն էր կարծիք հայտնել, թե հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը հնարավոր է, իսկ այդ հայտարարությանը նախորդել էին ամերիկացի փորձագետների դիտարկումները, թե «հնարավոր է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն սկսվի հենց Կովկասից»: Ինչեւէ, ՀԱՊԿ-ում գերակա դեր ունեցող Ռուսաստանը, որն առավել քան մոտ է եվրասիական տարածաշրջանին, Կովկասինՙ առավել եւս, բացի դրանից, շատ ավելի լավ է տիրապետում կոնկրետ կովկասյան խնդիրների ողջ պատմությանն ու էությանը, բացառում է որեւէ պատերազմ հետխորհրդային տարածքում:
Հ. ԱՖՅԱՆ