Ըստ «Ազգի» լոնդոնահայ համայնքի որոշ դեմքերից ստացած մեր տեղեկությունների` Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը ճաշի է հրավիրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը տեղի կունենա փետրվարի 12-ին: «Ի պատիվ Հայաստանի» վերտառությամբ տրվող այս ճաշին ենթադրվում է, որ ներկա կլինեն տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ, օրինակ, հայտնի բարերար եւ գործարար Վաչե Մանուկյանը: Հավանաբար ներկա կլինեն Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ, բնականաբար, մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:
Հետաքրքրական է, որ մեր դիվանագիտության վերջին շրջանի պատմության մեջ առանձնապես շատ հայտնի չեն այդպիսի ոչ պաշտոնական ճաշեր, կամ էլ եղել են` մամուլին հայտնի չեն դարձել: Մի կողմից բարձրաձայնված իրականությունն այն է, որ թագավորական ընտանիքը Անգլիայում գործնական քաղաքականությանն ու գործադիրի առօրյա գործունեությանը շատ չի խառնվում, բայց մյուս կողմից` երկրի ընդհանուր քաղաքականության կռողն ու կրողը հենց նա է, այնպես որ անպաշտոն ճաշ, թե ոչ, այնտեղ հավանաբար չեն կարող չքննարկվել մեր տարածաշրջանային անվտանգության, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Վերջին շրջանում մեր տարածաշրջանում ակտիվություն դրսեւորող մեծ խաղացողների թվում Մեծ Բրիտանիայի շորշոփն արտաքնապես նկատելի չէ, բայց դա չի նշանակում, թե նավթային շահեր եւ «Բրիտիշ Պետրոլիում» ունեցող, ՆԱԲՈՒԿԿՕ-ով հետաքրքրված այս երկիրն իր ազդեցության գործակալներով ներկա եւ մասնակից չէ գործընթացներին:
Թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է այդ բրիտանական ճաշի հրավերն առ Հայաստանի նախագահ, չգիտենք, բայց զուգահեռ հարթության վրա եթե դնենք այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շուտով խորհրդակցության է հրավիրելու ԱՄՆ-ի գլխավոր հայկական կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվումՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայկական համագումարի, «Վարդանանց ասպետների» ղեկավարներին, ինչպես նաեւ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներին` խորհրդակցական հանդիպման, սա խոսում է զուգահեռ կարգավորվող գործընթացների ինչ-որ համակարգված մոտեցման մասին: Իսկ հայ-ռուսական ակտիվ շփումները, ամերիկյան եւ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների վերջինՙ հաճախակի այցերը Հայաստան, հայ-իրանական շփումները ինչ-որ նոր իրավիճակի մոտենալն են կարծես մատնանշում: Զգացվում է, որ մեծ տերությունները հատկապես հայկական շրջանակների հետ աշխատանքը հավասարակշռելու եզրեր են փնտրում: Եթե ավելացնենք Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` իրար հերթագայող արտերկրյա այցերն էլ նույն միավոր ժամանակամիջոցում (ասենք` մի տասը օրվա մեջ) նախՙ Թուրքիա, հետոՙ Աթենք եւ ապա Փարիզ, զգացվում է, որ Հայաստանին առնչվող մի քանի հարց կարիք ունեն անհետաձգելի համաձայնեցման: Այդ բոլորին էլ գումարվում են պատերազմի վերսկսման մասին շրջանառվող խոսակցությունները փորձագիտական եւ մամուլի մակարդակով, ինչը ստույգ նշան է, որ մեր տարածաշրջանում ինչ-որ բան է փորձարկվում: Եթե հաշվի առնենք, որ հունվարի 25-ին Սոչիի հանդիպումից հետո համանախագահները երկու շաբաթ են տվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որպեսզի վերջիններս առաջարկներ ներկայացնեն ղարաբաղյան կարգավորման դեռեւս չհամաձայնեցված դրույթների վերաբերյալ, ու եթե մի քիչ էլ ռետինի նման ձգենք այդ ժամկետը, դա կարող է ընկնել մեր` վերը նշած հանդիպումների ժամկետների վրա, ինչ-որ եզրահանգումների հիմք դառնալով:
Այս ֆոնին մտածելու նյութ է հայկական մամուլում ամերիկյան սկզբնաղբյուրներ ունեցող թափառող հարցադրումը` հնարավո՞ր է արդյոք պատերազմի վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Որոշ վերլուծաբաններ արդեն խոսում են այն մասին, որ գարնան սկզբին, ղարաբաղյան բանակցությունների հերթական հանգրվանից հետո, այդպիսի բան կարող է տեղի ունենալ, երբ կողմերի ակնկալիքները չարդարանան: Պարզ է, որ երկնքից ընկած ինչ-որ առաջարկներ կողմերը չեն մտածելու, պարզ է, որ բանակցությունները շատ շուտով որեւէ նոր արդյունք չեն գրանցելու հենց այն պատճառով, որ կողմերի ըմբռնումները չհամաձայնեցված սկզբունքների վերաբերյալ ոչ միայն մոտ չեն, այլեւ պարզապես տարամետ են: Եվ հասկանալի է, որ հայերս պետք ամեն րոպե պատրաստ լինենք պատերազմի` ինչպես երկրի պաշտպանության նախարարն է ասում մշտապես, եւ երկրի նախագահը ձեւակերպեց վերջերս, բայց վերցնել-ադրբեջանական խուճապային բացականչությունները պատերազմի մասին, անգամ ժամկետների նշումը վերահասցեագրել մեր հասարակությանը, առնվազն մակերեսային մոտեցման դրսեւորում է:
Պատերազմի վերսկսման հավանականությունը, որը բոլորովին էլ ոչ պատահական է ներմուծվում արտերկրի եւ տեղական լրատվամիջոցներ` այս կամ այն գեոպոլիտիկ կենտրոնից, իր մեջ կարող է ունենալ ոչ միայն հասարակական կարծիքի վրա ազդելու խնդիր կամ խուճապային տրամադրության ձեւավորում կոնկրետ պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո, ինչը մերոնք առանց մտածելու վերցնում եւ ծամում են: Գուցե այս կենտրոնները մեզ վախեցնում են պատերազմով` իրենց պատկերացրած զիջումները պարտադրելո՞ւ համար, ասենք, ղարաբաղյան հարցում կամ հայ-թուրքական ուղղությամբ, չգիտեմ, բայց որ այդ կենտրոնները գործում են ոչ թե «փորձագիտական ազնիվ խոսքի», այլ իրենց երկրի գեոպոլիտիկ շահերի պատվերի ծիրում, սա հանրահայտ ճշմարտություն է: Ամերիկյան ինչ-որ կենտրոն չի բացառում, որ Ղարաբաղի հետ կապված` իրավիճակը տարածաշրջանում կարող է դուրս գալ վերահսկողությունից, կամ ամերիկյան հետախուզության պետը ռազմական գործողությունները չի բացառում. այս մտքերի պարզ վերարտադրությունը խուճապ եւ վախ կարող են առաջացնել վերլուծական միտք կիրառել չկամեցողների մեջ: Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն, օրինակ, որպես էքսպերտ եւ աղբյուրներին տիրապետող մարդ, պատերազմը վերսկսելու հիմքեր չի տեսել, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, համոզված չէ պատերազմը վերսկսելու դեպքում միանշանակ հաղթանակում: Նույնպիսի տեսակետ են հայտնում ուրիշ փորձագետներ եւս:
Երեկ պատերազմի վերսկսման հնարավորությունը մոտակա չեն համարել նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանական շաբաթն ամփոփող ճեպազրույցներում, թեեւ տեսականորեն դա ընդհանրապես հնարավոր չէ բացառել:
Ընդհանրապես` իրար հերթագայող տեղեկատվական հոսքը Հայաստանում հատկապես խոր փորձագիտական եւ համակարգված վերլուծությունների կարիքն ունի, ու դրանք հասարակության ականջ հալել-լցնելու գործելակերպն այսօր պարտադիր է, մինչդեռ այդպիսի վերլուծությունների փորձը միայն լրատվամիջոցների մակարդակով եւ ջանքերով տեղեկատվական ավերներ կարող է գործել` նաեւ լուրջ ու ոչ միայն փորձագիտական հետեւանքներով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ