«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2010-02-04 | #19, 2010-02-05 | #20, 2010-02-06


ԱՊՀ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՇՈՒՎԱԼՈՎ-ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Փետրվարի 4-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ, ԱՊՀ գործերով ազգային համակարգող Իգոր Շուվալովը երեկ հանդիպել է իր հայաստանցի գործընկեր Արմեն Գեւորգյանի հետ: Շուվալովը Գեւորգյանին հրավիրել է Մոսկվա` մասնակցելու մարտի 5-ին կայանալիք ԱՊՀ գործարար ոլորտի առաջատարների համաժողովին:

Ռուսաստանցի պաշտոնյայի այցի հիմնական նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է: Շուվալովը Երեւանում ներկայացրել է ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության ուղղությամբ իրականացվող եւ նախատեսված ծրագրերը: Գեւորգյանն ու Շուվալովը մասնավորապես անդրադարձել են Հայրենական պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը, ինչպես նաեւ էներգետիկայի, տրասպորտի ոլորտներին վերաբերող հարցերին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների հարցեր, մասնավորապես ընդգծվել է, որ հատկապես տնտեսական երկկողմ հարաբերությունները խորացման կարիք ունեն:

ԱՊՀ նախագահող` Ռուսաստանի փոխվարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է արդիականացնել կառույցը, ավելի կատարելագործել: Շուվալովն ընդգծել է, որ դրա համար պետք է ընդունված որոշումները վերանայել` դրանք արդյունավետ եւ աշխատող դարձնելու համար: Գեւորգյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է «բոլոր հարցերը քննարկել եւ փոխշահավետ լուծումներ գտնել»: ՀՀ փոխվարչապետը նշել է նաեւ, որ Հայրենական պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումների իրականացումը Հայաստանում արդեն պլանավորված են, դրանք կանցկացվեն հանրապետության ողջ տարածքում: Գեւորգյանը հատկապես կարեւորել է ԱՊՀ շրջանակներում հումանիտար, ինչպես նաեւ միջտարածքային համագործակցությունը: Գեւորգյանը նշել է, որ բոլոր այս հարցերն առավել մանրամասն կքննարկվեն իր` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4