«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2010-02-04 | #19, 2010-02-05 | #20, 2010-02-06


ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԸ

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Հուդրատ Հասանգուլիեւը «Դեյ.ազ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերտերությունները ղարաբաղյան հակամարտության մեջ իրենց ունեցած դիրքորոշումով ինչպես եղել են հակաադրբեջանական, այդպես էլ մնում են. «Ընդ որումՙ գերտերությունների դիրքորոշման փոփոխության հեռանկար նույնիսկ չկա, նրանք միշտ էլ անտեսել են Ադրբեջանի շահերը», նշել է Հասանգուլիեւը: Իսկ սա, ըստ ադրբեջանցի պատգամավորի, ղարաբաղյան հակամարտությանն ամենեւին էլ խաղաղ կարգավորման երջանիկ հեռանկար չի խոստանում:

Հասանգուլիեւը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանությունից, ավելի ճիշտ, ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումից: Ըստ պատգամավորի, «ճիշտ է, այնքան էլ հավանական չէ, որ Կոնգրեսը կընդունի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, քանի որ դա վերջնականապես կփլուզի թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»: Սակայն եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրանից Թուրքիան միայն կշահի. «ԱՄՆ-ի այդ քայլը հնարավորություն կտա Թուրքիային առավել ազատ արտաքին քաղաքականություն վարելու, քանի որ Անկարան այլեւս չի ենթարկվի Վաշինգտոնի շանտաժներին. շանտաժելու բան էլ չի լինի այլեւս», նկատել է ադրբեջանցի պատգամավորը:

Հավելենք նաեւ, որ անցյալ տարի Հայաստան այցելած թուրք լրագրողներ` Ֆերհաթ Բորաթավն ու Բեդրի Գյուրսելը նույնպես հայտարարեցին. «Լավ կլիներ, որ Նահանգները ճանաչեր ցեղասպանությունը, որպեսզի տեսնեինք, թե ինչ կլինի հետո»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4