«Եթե հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը անհաջողության մատնվի, դա կարող է լրջորեն ազդել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա»: Սա ամերիկացի քաղաքագետ, 2001-2004թթ. հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահ Դեւիդ Ֆիլիպսի տեսակետն է: Նրա դիտարկմամբՙ ամերիկյան պաշտոնյաներն իրենց թուրք գործընկերներին հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունն էին մատնացույց անում դեռեւս Բուշ կրտսերի վարչակազմի օրոք: «Օբամայի վարչակազմը ճնշում է գործադրում թուրքերի վրա ամենաբարձր մակարդակով: Եթե Արձանագրությունները վավերացվեն Անկարայում, այդ ճնշումը կնվազի: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի այցը Երեւան հստակ ցուցիչ է, որ Օբամայի վարչակազմը հասկանում է հարցի կարեւորությունը եւ կարիք ունի բարձրացնելու իր ներգրավվածության մակարդակը: Մոտ ապագայում այդ լծակի կիրառումը պետք է ակտիվացվի», նշել է քաղաքագետը` հավելելով, որ Երեւանը սխալ թույլ կտա, եթե չեղյալ հայտարարի Արձանագրությունները:
Հստակ մեսիջ ուղարկելով Երեւանինՙ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորն անեն` հաստատելու իրենց վճռականությունը գործընթացի նկատմամբ: Ֆիլիպսն առաջարկում է Սերժ Սարգսյանին Արձանագրություններն ԱԺ ներկայացնել առանց քվեարկության դնելու անհրաժեշտության: «Եթե դրանից հետո էլ թուրքական կողմը որեւէ քայլ չձեռնարկի, Հայաստանը կարող է ասել, որ ինքը կատարել է իր պարտականություններն ու պատրաստ է առաջ ընթանալ: Այդ դեպքում դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը կընկնի Անկարայի վրա»:
Ըստ նրա, Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետը ապրիլի 24-ն է: «Թուրքիայում չարաչար սխալվում էին, եթե կարծում էին, որ Արձանագրությունների ստորագրմամբ կխոչընդոտվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը», ասել է նա:
Հ. Հ.