«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2010-02-04 | #19, 2010-02-05 | #20, 2010-02-06


ԲԱՑՎԵՑ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Փետրվարի 5-ին Թեքեյան կենտրոնում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության գեղանկար, քանդակ անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել, կազմակերպում է Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը: Մրցանակաբաշխությունն ամփոփում է միայն 2008 թվականի ընթացքում ստեղծված աշխատանքները:

«Ընդգրկված են մշակույթի 9 բնագավառներ` գրականություն, երաժշտություն, թատրոն, հեռուստառադիոլրագրություն, գեղանկար, քանդակ, սոցիալ-քաղաքական երգիծանք, ստեղծագործություններ մանուկների համար: Մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային, Ղարաբաղի, Ջավախքի, սփյուռքի ստեղծագործողներ: Շատ ենք ուզում, որ հիմնականում երիտասարդներ մասնակցեն, որովհետեւ մենք միշտ փնտրում եւ ուզում ենք բացահայտել երիտասարդների, ովքեր մնացել են իրենց տաղանդի մեջ պարփակված», ասաց Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը :

Ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն է տալիս արվեստասեր հասարակությանը ծանոթանալու արվեստի հետաքրքրական եւ թարմ աշխատանքներին, այլեւ օգնում է ժյուրիի անդամներին ավելի հեշտ կողմնորոշվել ու անաչառ լինել: Այսպիսի ցուցադրությունների ժամանակ ստեղծվում է առանձնակի մթնոլորտ, որտեղ քննարկվում են աշխատանքները, հնչում են տարբեր արվեստագետների կարծիքներ, որոնք ժյուրին եւս հաշվի է առնում: Մրցույթը չունի ոճային սահմանափակումներ, չկա պարտադրված թեմատիկա: Գեղանկար անվանակարգում մասնակցում են 23 հոգի, քանդակ անվանակարգում` 8: Ցուցադրվող բրոնզե, մարմարե քանդակները, յուղանկարները, ջրաներկով ու պաստելով աշխատանքները յուրահատուկ թարմություն են մերօրյա ցուցադրությունների մթնոլորտում:

«Հիանալի աշխատանքներ են ներկայացված, եւ ժյուրիի աշխատանքը բավականին դժվար է լինելու: Շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ ավանդույթը շարունակվում է», նկատեց ժյուրիի նախագահ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը :

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 1991 թվականից, նրա մրցանակակիրներից են եղել Հայաստանի եւ սփյուռքի նշանավոր բազմաթիվ արվեստագետներ ու գրողներ, կոլեկտիվներ:

«Ստեղծագործողները մեր սոցիալական խավի ամենաանպաշտպան շերտն են կազմում, այս մրցանակաբաշխության նպատակն է նաեւ խթանել ստեղծագործողների աշխատանքը, ասել, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Ամեն մի անվանակարգ ունենալու է մեկ մրցանակակիր, մրցանակը լինելու է 1000 դոլարին համարժեք դրամ», նշեց Գայանե Մուրադյանը:

Անվանակարգերի հովանավորը Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունն է, ԹՄՄ շրջանակի անդամները: Քանի որ սա միջազգային մրցանակաբաշխություն է, ապա շատ է լինում, որ հաղթող են ճանաչվում սփյուռքահայ արվեստագետներ, օրինակ, անցյալ տարի քանդակի գծով մրցանակը ստացավ ԱՄՆ-ից Էմիլ Գազազը:

«Հաճախ հայտնի արվեստագետների կողքին հաղթող են ճանաչվում երիտասարդ ստեղծագործողները: Անցյալ տարի գեղարվեստական լուսանկարչություն անվանակարգում մրցանակ ստացավ 22-ամյա ուսանողը», ասաց Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը :

Բոլոր 9 անվանակարգերի հաղթողների անունները հայտնի կլինեն փետրվարի 9-ին, ժամը 17-ին` Թեքեյան կենտրոնում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4