Փետրվարի 7-ին հայտնի կդառնան ՀՀ հավաքականի մրցակիցները
Վաղը Վարշավայում Երեւանի ժամանակով 15-ին կսկսվի ֆուտբոլի Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Եվրոպական 51 հավաքականներն ըստ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի նախապես բաշխվել են 6 զամբյուղներում: Հայաստանի հավաքականը նախավերջինՙ 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաեւ Չեռնոգորիայի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի եւ Լիխտենշտեյնի ընտրանիները: Դա նշանակում է, որ հայ ֆուտբոլիստները նշված հավաքականներից եւ ոչ մեկի հետ նույն խմբում չեն հայտնվի:
Վիճակահանությամբ կկազմավորվեն ընտրական 9 խմբեր: Դրանցից 6-ում կլինեն 6-ական, 3-ումՙ 5-ական հավաքականներ: Բնականաբար, Հայաստանի հավաքականին ավելի ձեռնտու կլինի ընդգրկվել 6 թիմանոց խմբում: Այդ դեպքում նախ մեր ընտրանին 10 խաղ կանցկացնի, ապա եւ խմբում գոնե մեկ թույլ մրցակից կունենա հանձինս 6-րդ զամբյուղում ընդգրկված հավաքականներից մեկի: Այդ զանբյուղում են Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Ֆարերների, Անդորրայի եւ Սան Մարինոյի հավաքականները: Ընդ որում ՈւԵՖԱ-ն նախապես հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միեւնույն խմբում չեն ընդգրկվի: 6-րդ խմբից մեր հավաքականի համար ավելի նախընտրելի են Անդորրայի, Սան Մարինոյի եւ Մալթայի ընտրանիները:
Ընտրական խմբերը կգլխավորեն 1-ին զամբյուղում ընդգրկված հավաքականները: Այստեղ են Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Անգլիայի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Մեր հավաքականն այս խմբից առայժմ չի մրցել Անգլիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլասերներից շատերը նախընտրում են անգլիացիներինՙ երազելով Երեւանում տեսնել անգլիական ֆուտբոլի «աստղերին»:
Իհարկե, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հավաքականն անկախ մրցակիցներից, այս անգամ էլ չի կարող պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրերի համար, ապա կարելի է հասկանալ ֆուտբոլասերներին: Ֆինանսական առումով էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է ձեռնտու, որ մեր ընտրանին ընդգրկվի ուժեղ խմբում: Այդ դեպքում հնարավոր կլինի ՀՀ հավաքականի հանդիպումների ցուցադրման հեռուստաիրավունքը վաճառել ավելի բարձր գնով:
2-րդ զամբյուղում ընդգրկված են Հունաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Թուրքիայի, Դանիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի հավաքականները: Բացառված չէ, որ կրկին թուրքերը մեզ մրցակից դառնան: Վերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր տարիքային հավաքականները հաճախ են միեւնույն ընտրական խմբում հայտնվում:
3-րդ զամբյուղից մեր հավաքականին կարող է բաժին ընկնել հետեւյալ ընտրանիներից մեկը. Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հս. Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա:
4-րդ զամբյուղում բաշխվել են Սլովենիայի, Լատվիայի, Հունգարիայի, Լիտվայի, Բելառուսի, Բելգիայի, Ուելսի, Մակեդոնիայի եւ Կիպրոսի հավաքականները:
Վարշավայում անցկացվելիք վիճակահանությանը Հայաստանից ներկա կգտնվեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը: Վերջինիս հետագա ճակատագիրը շատ բանով պայմանավորված է վիճակահանության արդյունքներով: Ինչպես հայտնի է, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հերթական անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոնումների մեջ է: Հավաքականը մարզելու առաջարկ էր արվել Սերխիո Մարգարյանին, սակայն վերջինս հրաժարվել էր: Բացառված չէ, որ հավաքականի ղեկը թողնվի Վարդան Մինասյանին: Ամեն դեպքում մինչեւ աշնանը մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը դեռեւս բավական ժամանակ կա, ուստի ՀՖՖ ղեկավարությունը հանգիստ կարող է շարունակել որոնումները:
Ինչպես հայտնի է, մարտի 3-ը ՖԻՖԱ-ի խաղացանկով ընկերական հանդիպումների անցկացման օր է: Հայաստանի հավաքականն առայժմ մրցակից չունի: Բացառված չէ, որ հենց վիճակահանության ժամանակ, Վարշավայում մեր պատվիրակությանը կհաջողվի պայմանավորվել որեւէ հավաքականի հետ այդ օրն ընկերական մրցախաղ անցկացնելու վերաբերյալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ