ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանում վերջին շրջանում սովորաբար զբաղված են հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցությունների մշտական թեմաները շուռումուռ տալով: Այնպես որ այս «գլոբալ» թեմաներից դուրս զարմանալի է մի քիչ, որ կան «մանր» թեմաների հետեւից ընկնողներ, որոնք ժամանակ առ ժամանակ գրում են կադրային փոխարինումների մասին: Դիտավորյալ օգտագործեցինք «փոխարինումներ» բառը, քանի որ այլ բառ մեր իրավիճակում հնարավոր չէ գործածել: Մանավանդ նախագահ Սարգսյանի դեպքում, կարելի է ասել, որ նա երկար մտմտաց` կադրային առումով համարյա ոչ մի կարդինալ փոփոխություն չանելով, իսկ այս պահին, թվում է, նրա գլուխը պիտի որ զբաղված լիներ միայն հայ-թուրքական ու ղարաբաղյան խնդիրներով, ուրեմն հազիվ թե մարդ փոխելու խնդիրն այդքան հրատապ լիներ: Հրատապ է՛ր: Հրատապ կլիներ, եթե այսքան ամեն օր տեղեկատվական հոսքերը չփոխաինեին միմյանց` փոքրիկ ու մեծ տագնապներով Հայաստանի համար, օրն օրին մի նոր շեշտադրում բերելու պարագան ուսումնասիրելու հրամայականով: Ասածս ամրապնդեմ օրինակներով:
Օրինակ` հենց երեկ տեղեկություն կար (չճշտվա՛ծ), որ Ալիեւն, իբր, Սոչիում, մարտավարական «պրիյոմ» բանեցնելով, համաձայնել է Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան կարգավորման առաջարկներին` այդպիսով հայկական կողմին որոշում կայացնելու դժվարին վիճակի առաջ կանգնեցնելով, իսկ երկու շաբաթ ժամանակը վերցրել է հայկական կողմը: Եթե այդպես է` հիմա, երկու շաբաթը լրանալուց հետո, հայկական կողմն է, որ պետք է դիրքորոշում հայտնի` կամ կոշտացնի դիրքերը, կամ համաձայնի վերադարձնել 5 շրջան, ինչը ոչ այս պահին, ոչ էլ առաջիկայում, ոչ տեսականորեն, ոչ գործնականում պատկերացնել հնարավոր չէ: Այս իրավիճակի ճշտումն, անշուշտ, չի ուշանա, բայց եթե դրա մեջ 1 տոկոս ճշմարտություն լիներ, այդպիսի իրավիճակում հայտնված երկրի նախագահը 1 վայրկյան անգամ չէր կարողանա տրամադրել կադրային փոփոխությունների մասին մտածելուն:
Կամ Դավութօղլուի պարագան, երբ նա երեկ փնթփնթում էր, թե Հայաստանի ՍԴ-ն Արձանագրությունների վավերացումը (Թուրքիայի կողմից) անհնար դարձնող որոշում ընդունեց, Սոչիում էլ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետ է քայլել, եւ ԱՄՆ Կոնգրեսում էլ Ցեղասպանության բանաձեւ է ներկայացվում... եւ այլն, մի խոսքով` նվնվում էր, թե կխոչընդոտվի հայ-թուրքականը, ու ըմբռնումով մոտենալու մասին էր հիշել` Կոնգրեսի, ԱՄՆ-ի...:
Այսինքն` պարզ է, որ այս մի ուղղությամբ էլ նոր իրավիճակ է, ու մեր երկրի նախագահն այս ուղղությամբ էլ միտք պետք է զբաղեցնի ու ժամանակ չունենա կարծես:
Դե հիմա ասեք` ամեն օր այսպիսի տեղեկատվական հոսքով շրջապատված երկրի նախագահը կարո՞ղ է իր տան ներսը կարգի բերել, թե հա ուշադրությունը պատերից դուրս է պահելու: Այնուամենայնիվ` մերոնք շարունակում են խոսել նախարարափոխությունից: Ու այնպիսի անուններ են ասում, որ զարմանք չէ, ծիծաղ են շարժում, ու հենց հայկական գրոտեսկի ողջ պերճանքով են պատում «սլուխը»: Ահա` Աղվան Հովսեփյանին փոխարինում են մարդու իրավունքների պաշտպանով. այսինքն այսպիսի պարադոքս միայն Հայաստանում է հնարավոր պատկերացնել` «պո իդեի» գլխավոր դատախազը մարդու իրավունք պիտի որ խախտած լինի (չենք ասում` խախտել է, տեսականորեն), ՄԻՊ-ն էլ մարդու իրավունք պաշտպանի, բա դրա հակառակը պատկերացնո՞ւմ եք: Եթե պատկերացնում եք` մեզ, ուրեմն, ՄԻՊ պետք չէ, կամ էլ` հիմա արդեն Աղվան Հովսեփյանը կարող է ՄԻՊ աշխատել: Այդպիսի փոփոխության իմաստը ո՞րն է: Կամ` ԱԱԾ տնօրենին, իբր, փոխարինելու է ՍԴ նախագահը չէ, այլ` նրա եղբայրը: Այսինքն` այստեղ կարեւորում են լուրի այն մասը, թե ո՞վ ում է փոխարինելու եւ ոչ թե այն, թե արդյո՞ք անկաշառ, պրոֆեսիոնալ, բարձր հեղինակությամբ մեկն է փոխարինելու թոշակի գնացողին: Մի խոսքով` եթե կադրային փոփոխությունների վերաբերյալ լուրերի տրամաբանությանը հետեւես, իսկ դրանք հաճախ իրականություն են դառնում, ոչ թե պաշտոնյաներին փոխում են` պրոֆեսիոնալ բարձր որակների, նոր մտածող պաշտոնյաներով լիցքավորելու համար համակարգը, այլ ինչպես միշտ` մեկ շրջանակի մարդկանց մեկ այլ շրջանակի մարդկանցով փոխարինելու գործելակերպին համապատասխան: Եթե այս կերպ` տարիներով աշխատած կարգով պետք է փոխարինումներ լինեն, որոնք որակապես չեն փոխելու մեր կյանքը, չեն փոխելու կառավարման ավանդույթները, ապա ինչո՞ւ մարդկանց փոխել: Եթե միայն վերեւներին հավատարիմներով լիցքավորելն է գլխավոր պատճառ, դա հասարակությանը ոչինչ չի տալու, ինչպես որ մինչեւ հիմա չի տվել. մի խումբ մարդկանց շրջանակ կա, որոնք տասնամյակից տասնամյակ, նախագահափոխությունից նախագահափոխություն փոխարինում են միմյանց, եւ դրանց բոլորին հասարակությունը շատ լավ ճանաչում է` ոչինչ նոր, նրանց կազմած կուռ շրջանը ոչ մի օտար ոչ կարող է ճեղքել, ոչ ներս մտնել` նրանք, նրանց որդիներն ու դուստրերը, նրանց զարմիկներն ու սանիկները: Եթե այդպես են փոփոխություններ արվելու, եթե քվոտաները նույն կերպ շարունակելու են ծառայել անձերի ու խմբերի, այդպիսի փոփոխություններ ավելի լավ է չարվեն, ու փոփոխությունների գաղափարն արժե հետաձգել այնքան, մինչեւ որակի ու պրոֆեսիոնալիզմի պահանջարկ առաջանա: Իսկ այնպես` հասարակությունը հերթական անգամ նայելու է կոսմետիկ արարողակարգին, որը ոչ խնդիր է լուծելու, ոչ հասարակության կարիքներին դարման է դառնալու: