Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից երեկ տարածված հաղորդագրությունը մասամբ հստակություն մտցրեց Սերժ Սարգսյանի` Լոնդոն կատարելիք այցի խորհրդավորության շուրջը: Ըստ այդմ` նախագահ Սարգսյանը այսօր (շաբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ այցը տեղի կունենա փետրվարի 12-ին, էլի լավ է, որ մեկ օր առաջ տեղեկություն են տարածում - Մ. Խ.) եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Պատվիրակության կազմում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նախագահ Սարգսյանը Բուկինգհեմյան պալատում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, լոնդոնյան իր կեցավայրում կընդունի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, կհանդիպի արքայազն Չարլզի հետ: Հայաստանի նախագահը Վինձորյան պալատում ներկա է լինելու արքայազն Չարլզի եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Երեւան, իմ սեր» նախագծի մեկնարկ-ընդունելությանն ու համերգին. նախագահի մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնի 4 պատմաճարտարապետական արժեք-շինության նորոգում: Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաեւ այս նախագծի մեկնարկի առիթով տարբեր երկրներից Մեծ Բրիտանիա ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Այս բոլորը` վաղը, իսկ արդեն փետրվարի 10-ին նախագահ Սարգսյանը ելույթ կունենա Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման ներկա փուլին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվելու նաեւ Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստի թանգարանում ամերիկահայ հռչակավոր նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսի բացմանը: Լոնդոնում նախատեսվում է Հայաստանի նախագահի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:Կարեւոր համարվող այս ուղեւորության մանրամասները կճշտվեն արդեն այցի ընթացքում տարածվելիք պաշտոնական եւ անպաշտոն տեղեկությունների եւ Լոնդոնում նախագահ Սարգսյանի ելույթի շեշտադրումների հիման վրա:
Մ. Խ.