Հարցազրույց, որ վերածվեց լեզվակռվի
Լայն ժպիտներով ու փոխադարձ շնորհակալություններով սկսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Euronews հեռուստաընկերության լրագրողի հարցազրույցը վերածվեց լեզվակռվի: Պատճառը ոչ միայն լրագրողի սուր, երբեմն հեգնական հարցերն էին, այլեւ նախագահ Ալիեւի հորինած պատմությունները Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի ու լավ կյանքի մասին, որոնց հետեւում էին նոր հարցեր, նոր սարկազմ, ինչից Ալիեւի դեմքն ավելի էր ջղաձգվում:
«Թագավոր» Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գրեթե նոր բան չասաց` «օկուպացված տարածքներ», «զենքի միջոցով հարցերը լուծելու անհրաժեշտություն», «գրավյալ 7 տարածքների վերադարձ» եւ այլն: Բայց հստակ էր մի բան. Խոսելով հակամարտության կարգավորման մասինՙ Ալիեւը հրապարակավ մեսիջ ուղարկեց Թուրքիային` զգուշացնելով, որ Թուրքիան կարող է կորցնել Ադրբեջանը: Լրագրողի հարցին, թե հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Ալիեւը նշել է, որ եթե հակամարտության հարցը չկապակցվի հայ-թուրքական հարաբերությունների հետ, ապա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հավանականությունը չնչին է: Վերջինս առաջարկեց միացնել երկու այդչափ բարդ տարածաշրջանային հակամարտությունները եւ դրանց հանգուցալուծում տալ, «որպեսզի տարածաշրջանի ոչ մի երկիր իրեն մոռացված չզգա ու չմտածի, թե իր ազգային շահը ինչ-որ կերպ անտեսում են: Հակառակ դեպքում լարվածությունն անխուսափելի կլինի»:
Լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ լրագրողն անդրադարձավ Ադրբեջանում «ժողովրդավարության» մակարդակին, ու Ալիեւին բնութագրեց հետխորհրդային բռնապետ: «Նման կարգի արտահայտությունները մեզ համար վիրավորական են: Երբեմն մենք դառնում ենք լիովին չարդարացված, ծայրահեղ անկողմնակալ քննադատական հարձակումների թիրախ` լինի դա միջազգային մամուլում, թե այսպես կոչված միջազգային իրավապաշտպան խմբերում: Բոլոր փորձերը` ներկայացնելու Ադրբեջանը որպես ոչ ժողովրդավարական երկիր, բացարձակապես անընդունելի են: Մենք քաջ գիտակցում ենք, որ որքան մեծանա Ադրբեջանի կարեւորությունը, այնքան ավելի են հաճախանալու աշխարհի բոլոր կողմերից երկրի վրա ճնշումներ գործադրելու փորձերը», նկատել է Ալիեւը:
«Այդ դեպքում ի՞նչ կասեք Ադրբեջանում ընդդիմության մասին, որը զուրկ է իրական քաղաքական շանսերից, իսկ ընդդիմադիր գործիչները` խոսքի ազատությունից», դիտարկմանը պատասխանելիս Ալիեւն ուղղակի գերազանցել է ինքն իրեն` նշելով, որ Ադրբեջանում ընդդիմության վիճակն աղետալի է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդն օր օրի ավելի լավ է ապրում:
Հիշեցնելով, որ 2009թ. մարտին Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեով հանվեց նախագահական մանդատների թվի սահմանափակումը, լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Ալիեւը մտադի՞ր է հավերժ ղեկավարել երկիրը: «Դե, գիտեք, դա կատարվել է... ոչ անձնական պատճառներով: Նման պրակտիկա գոյություն ունի բազմաթիվ երկրներում»:
«Բայց ոչ ժողովրդավարական երկրներում» դիտարկմանն էլ Ալիեւը օրինակ է բերել եվրոպական երկրները, որտեղ կա թագավոր, իսկ վարչապետը կարող է ընտրվել թեկուզ 5 անգամ: «Պարոն Ալիեւ, դուք ձեզ թագավոր չե՞ք զգում» հարցին Ալիեւը նախընտրել է ներկայանալ որպես գործադիր իշխանության ղեկավար: «Ձեր երկրների դեպքում դա վարչապետն է, որը կարող է վերընտրվել մի քանի անգամ: Այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին զրկել այդ իրավունքից: Եթե նրանք ունեն ընտրելու հնարավորություն...»: «Իսկապես, եթե...» հեգնական տոնով նկատել է լրագրողը: Ի պատասխան Ալիեւը փորձել է փրկել իր ու իր երկրի դեմքը` հայտարարելով, որ ժողովրդավարացման գործընթացն Ադրբեջանում բավականին ակտիվ է ընթանում: «Եւ հետո, չէ՞ որ մենք չենք միջամտում ձեր երկրների ներքին գործերին: Կան բաներ, որ ադրբեջանցիների սրտով չեն, բայց մենք չենք արտահայտվում: Երկրի ներքին խնդիրները, նրա ավանդույթները, պատմությունը, քաղաքական համակարգը, նրա վերաբերմունքը ժողովրդի առաջնորդի նկատմամբ պետք է թողնել երկրի ժողովրդին, նրա որոշմանը», հայտարարել է նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ