«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


«ԴՈՒՔ ՁԵԶ ՀԵՏ ՏԱՐԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Ասում է Դիարբեքիրի քաղաքապետը հայերին

Թուրքական Մարդան քաղաքում ստեղծված կրոնական կազմակերպությունը, որը գտնվում է «Դեմոկրատական հասարակայնության կոնգրես»-ի կազմում, անցկացրել է միջոցառում, որին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր ղեկավար Սելահատին Դեմիրդաշն ու իր կուսակից ընկերներ` եզդիներ, ասորիներ, հայեր եւ այլք:

Թուրքական «Թուրքթայմի»-ի տեղեկացմամբ, միջոցառմանը «բավական հանդուգն» ելույթ է ունեցել Դիարբեքիրի (Տիգրանակերտ) ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Նա հայտարարել է. «Երբ այստեղ ապրում էին հայեր, ասորիներ եւ քրդեր` ստեղծելով կրոնական բազմազանություն, դա միայն խորհրդանշում էր մեր ընդհանուր հաջողությունը, համբերությունը եւ հիմքեր էր տալիս հետագա զարգացման եւ հաջողությունների համար: Սակայն եկան նոր ժամանակներ, այդ մարդիկ ստիպված գնացին այս վայրերից: Ես խոսում եմ այս մասին` ապրելով մեծ ցավ: Այսօր Դիարբեքիրում կան մի քանի հայ ընտանիքներ, այնինչ 120 տարի առաջ նրանք կազմում էին քաղաքի բնակչության 40 տոկոսը: Ոչ մի ներողություն չի կարող փոխհատուցել այս ցավը: Այո, մենք ապրել ենք մեծ դաժանություն. այդ մարդիկ ստիպված գնացել են, բայց, հավատացեք, ոչինչ չեն կորցրել, կորցրել ենք մենք, նրանք, ովքեր մնացել ենք այստեղ: Գնացողներն իրենց հետ տարան խաղաղությունն ու հաջողությունը»:

Հավելենք նաեւ, որ Օսման Բայդեմիրը ժամանակին մեծ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին, որ նրանք թույլ չտվեցին իրականացնել հայազգի երգիչ Արամ Տիգրանի վերջին ցանկությունը` հուղարկավորել իրեն Դիարբեքիրում: Բեյդեմիրն անձամբ` Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում, կազմակերպել էր Արամ Տիգրանի հուղարկավորությունը, եւ այդ հողից տարել էր Բրյուսել, որտեղ եւ թաղված է հայազգի երգիչը: Բացի այդ, Օսման Բեյդեմիրը վերանորոգել է Դիարբեքիրի հայկական գերեզմանոցը, Դիարբեքիրում սկսվել են նաեւ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4