Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ հակամարտող կողմերը դեռեւս չեն ներկայացրել իրենց առաջարկությունները մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Մերզլյակովը շեշտել է, որ այդ փաստաթղթի վերաբերյալ կողմերի միջեւ դեռեւս համաձայնություն չկա: Իսկ տարածաշրջան կատարելիք հաջորդ այցի ժամկետների մասին խոսելիս Մերզլյակովն ընդգծել է, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ «կողմերից ստանան առաջարկություններ, հետո միայն մտածեն շրջագայության մասին»:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը «Դեյ.ազ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Բաքուն մեծ հույսեր ունի. «Այս հակամարտության լուծումը կախված է Մինսկի խմբի ակտիվությունից, եւ գործընթացում անցյալ տարվա ինտենսիվությունը պետք է պահպանել նաեւ այս տարի: Սա իր հերթին թույլ կտա որոշակի առաջընթաց ակնկալել: Ադրբեջանն, իր հերթին, պատրաստ է աջակցել այդ դինամիկայի զարգացմանը», ընգծել է Պոլուխովը:
Հ. Ա.