«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Այս տարի լրանում է Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը, ինչի առթիվ Հայաստանում ու Ջավախքում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը:

«Մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը` փետրվարի 9-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը: Միջոցառումների ցանկի մեջ է մտնում Վահան Տերյան հանրագիտարանի հրատարակումը, որի մեջ ընդգրկված կլինի բանաստեղծի պատմական, հասարակական, քաղաքական եւ գրական ողջ կենսագրությունը», երեկ «Դուպլեքս» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը :

Հուլիսի 24-ին բանաստեղծի ծննդավայրում` Գանձա գյուղում, եւս կնշվի նրա 125-ամյակը: Վրաստանի գրողների միության հետ համաձայնեցված է, որպեսզի Թբիլիսիում այս տարի անցկացվի Տերյանական օր: Հայ բանաստեղծը անմիջականորեն կապված է եղել վրաց գրականության, պատմության հետ, նա վարժ տիրապետել է վրացերեն լեզվին ու մի շարք թարգմանություններ արել վրացերենից, ուսումնասիրել վրաց բանաստեղծների երկերը, հետեւաբար անհրաժեշտ է, որ այդ ամենի մասին իրազեկվի նաեւ վրաց հասարակությունը:

«Մենք պայմանավորվել ենք Օրենբուրգի քաղաքապետարանի եւ համապատասխան մարմինների հետ, որպեսզի հունիս ամսին այնտեղ եւս անցկացվեն Տերյանական օրեր: 1920 թվականի հունվարին Օրենբուրգում բանաստեղծը կնքեց իր մահկանացուն: Այնտեղ այսօր գործում են «Տերյանական մշակութային կազմակերպությունը» եւ «Տերյանական միությունը», նախկինում եղել է նաեւ Տերյանի անվան միջնակարգ դպրոց», նշեց Առուշան Հակոբյանը:

Երեւանում անցկացվելիք հոբելյանական միջոցառումները նախատեսված են ամբողջ տարվա կտրվածքով` գիտապրակտիկ կոնֆերանս, դպրոցներում շարադրությունների մրցույթ, տարբեր ցուցահանդեսներ: Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրվելու են բանաստեղծի արխիվային փաստաթղթերը : Միջոցառումների ծրագիրն ընդգրկում է նաեւ մարզերը: Հոբելյանական տարին նաեւ հրաշալի առիթ է, որպեսզի արժանի կերպով գնահատվեն Ջավախքի մեծանուն հայերը:

«Ջավախք» հայրենակցական միությունը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին` խնդրելով, որ Վահան Տերյան փողոցին հարող պուրակը, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը, անվանվի Ջավախքի պուրակ եւ այնտեղ տեղադրվի Ջավախքի մեծերից եւս մեկի` աշուղ Ջիվանու հուշարձանը: Քաղաքապետարանից պատասխան դեռ չենք ստացել», ավելացրեց մյուս բանախոսը` «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը :

Իսկ ամենահետաքրքրական մասը միջոցառումների ծրագրի այն է, որ Երեւանում բացվելու է Վահան Տերյանի թանգարան, եւ բանաստեղծի հետ կապված շատ նյութեր ու մասունքներ վերջապես ամբողջանալու են մի տեղում: Օրինակ` Մոսկվայում Տերյանի ամենամտերիմ ընկերոջ բնակարանում պահպանվում է բանաստեղծի հետ կապված մեծ արխիվ, իսկ ընկերոջ դուստրը` Անահիտ Մակինցյանը համաձայն է այդ արխիվը տեղափոխել Երեւան միայն այն ժամանակ, երբ այստեղ կլինի Տերյանի թանգարան:

Վերջում Առուշան Հակոբյանը նշեց, որ բոլոր այն բուհերում, որտեղ կան բանասիրական, լեզվաբանական ֆակուլտետներՙ նշանակվելու է Տերյան անունով կրթաթոշակ:

«Ազգի» այն հարցին` թե Տերյան անունով կրթաթոշակը ի՞նչ սկզբունքով եւ ե՞րբվանից է տրվելու ուսանողներին, Առուշան Հակոբյանը պատասխանեց. «Այդ կրթաթոշակի հետ մեր մշակութային կենտրոնը կապ չունի, վարչապետի հանձնարարականով բուհերի ղեկավարներն իրենք պետք է սահմանեն կրթաթոշակները, դա արդեն բուհ-երի գործն է»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4