«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԸՙ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Թե ի՞նչ ուղղությամբ է շարժվում Հայաստանի տնտեսությունը եւ մասնավորապես ի՞նչ ռազմավարություն ունի երկրի կառավարությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում, փորձեցինք ներկայացնել մեր նախորդ հրապարակումներից մեկում, հիմնվելով էկոնոմիկայի նախարարության պատրաստած «Հայաստանի տնտեսական զեկույց 2009»-ի վրա: Այդ զեկույցում հիշատակվում են իրականացման սկզբնական փուլում գտնվող կոնկրետ ծրագրերը, որոնք, ըստ կառավարության, կդառնան Հայաստանում զարգացած եւ մրցունակ տնտեսություն ձեւավորելու առաջին շարժիչները: Դրանց թվում է նաեւ Գյումրիի տեխնոպարկի ստեղծման եւ ընդհանրապես Հայաստանի երկրորդ քաղաքը տեխնոքաղաքի վերածելու ծրագիրը: Քանի որ շատերի համար դա տեսական գաղափար է թվում, ուստի այդ ծրագրի գործնական նշանակության, կատարված եւ նախատեսվող քայլերին տեղեկանալու համար դիմեցինք Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանին:


Ըստ Վաչե Կիրակոսյանի , մշակված ծրագրով նախատեսվում է Գյումրիում մի քանի հիմնական հանգույցներ եւ դրանց շուրջ ենթակառուցվածքներ ստեղծել: Դրանցից մեկը կգտնվի Գյումրիի պատմական կենտրոնումՙ Կումայրիում, որտեղ նախատեսվում է ստեղծել ինկուբատոր, ուսումնական կենտրոններ, տեղական արդյունաբերության համար տրամադրել տարածքներՙ սկսած արվեստներից մինչեւ ոսկերչություն, հուշանվերների արտադրություն, դիզայներական եւ այլ գործունեության զարգացման համար: Ըստ էկոնոմիկայի նախարարության վարչության պետի, այնուհետեւ կստեղծվեն նաեւ արդյունաբերական հանգույցներ, լոգիստիկ կենտրոն: Բուն տեխնոպարկը կստեղծվի Գյումրիի հյուսիսում, պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին տարածքումՙ նոր ենթակառուցվածքներով, ժամանակակից կոմունիկացիաներով եւ կապի միջոցներով:

Տեխնոպարկի ծրագիրը ենթադրում է, որ պետք է հասցվի մինչեւ այն աստիճանը, որպեսզի այնտեղ գիտական մշակումներ իրականացվեն եւ դրանք բերվեն վերջնական արտադրանքի: Սակայն առաջին շրջանում, Վաչե Կիրակոսյանի տեղեկացմամբ, առավելապես կզարգանա դիզայներական գործունեությունըՙ վեբ դիզայն, ոսկերչություն, նորաձեւության, արդյունաբերական դիզայն եւ այլն: «Այդ նպատակով, նախանցած տարի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Գյումրիում ստեղծվել է եռաչափ մոդելավորման ուսումնական լաբորատորիա, որը գործում է մեկ տարուց ավելի, թողարկելով բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ: Բացի այդ, շատ ակտիվ է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Նրանց աշխատանքի շնորհիվ, Երեւանում գործող երեք արտասահմանյան ընկերություններ արդեն մասնաճյուղեր են բացել նաեւ Գյումրիում», մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչո՞ւ հենց Գյումրիում որոշվեց տեխնոպարկ ստեղծել եւ ի՞նչ ազդեցություն կունենա այն տարածաշրջանի եւ ընդհանրապես երկրի տնտեսության համար: Այս հարցին պատասխանելով, Վաչե Կիրակոսյանը նշեց, որ ծրագիրը սկսելիս նկատի է առնվել տարածաշրջանի զարգացման խնդիրը: Նա ընդգծեց, որ մասնավորապես տրասնպորտային առումով Գյումրին շահեկան դիրք ունիՙ այստեղ կա միջազգային մակարդակի օդանավակայան, անցնում է երկաթուղին, որն ապագայում կարող է լիարժեք գործել: «Այստեղ կան նաեւ ավանդույթներ, որոնք կօժանդակեն այս զարգացումներին: Եթե տեսնենք, որ այդ մոդելը արդյունավետ է, ապա կվերարտադրվի նաեւ այլ տարածաշրջանում», ասաց վարչության պետը: Նա իր լավատեսությունը հիմնավորեց Գյումրի ծրագրի ստեղծման խորհրդատուի օրինակով: Խորհրդատուն Իռլանդիայի Շենոն տարածաշրջանի տնտեսական զարգացման գործակալության տնօրենն է եղել 8 տարի: «Այս տարածաշրջանը վերջին 10-15 տարում այդ երկրի ամենակտրուկ վերելք արձանագրած տարածաշրջաններից է: Երբ նա պատմում է 10 տարի առաջ եղած Շենոնի մասին, դա կարծես թե այսօրվա Գյումրին լիներ: Եթե կարողանանք նույն բանն այստեղ վերարտադրել, դա շատ լուրջ արդյունք կլինի», համոզմունք հայտնեց Վաչե Կիրակոսյանը:

Իսկ ի՞նչ գործնական դեր ունի պետությունը ծրագրի մշակումից բացի: էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը որպես օրինակ նշեց պետության աջակցությամբ եռաչափ մոդելավորման լաբորատորիայի ստեղծումը: «Այս տարի լուրջ գումարներ են նախատեսված եւս մեկ, այս անգամ ինժեներական ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու համարՙ «Նեյշընլ ինստրումենտս» ընկերության հետ համատեղ: Մենք կգնենք սարքավորումները, ընկերությունը կտրամադրի ուսումնական ծրագրերը եւ կօժանդակի հետագա զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ բանակցություններ են ընթանում մի վարկային ծրագրի առնչությամբ, որտեղ Գյումրու տեխնոպարկի համար մոտ 3 մլն դոլար է հատկացվելու: Շուտով Գյումրիիի բիզնես ներուժի ուսումնասիրությունն է սկսվելու: Պետական բյուջեով ֆինանսավորվելու է նախատեսվող «Գաղափարների մրցույթի» երկու հաղթողների գաղափարների իրականացումըՙ դրանք բիզնես պլաններ դարձնելու, իսկ ընկերություններ գրանցելու դեպքումՙ պետության կողմից որոշ չափով գումար ներդնելը», թվարկեց Վաչե Կիրակոսյանը, հիշատակելով նաեւ, որ անցյալ տարի ստեղծվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը: Այն այս տարի կհամալրվի աշխատակիցներով, որոնք կհամակարգեն եւ կիրականացնեն այդ բոլոր ծրագրերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4