«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ԱՐԱ ՔՈՉՈՒՆՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

Պոլսո հայոց Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի ծայրաստիճան անառողջ վիճակի պատճառով պատրիարքական աթոռի շուրջը ծավալված իրադարձությունները կարծես տանում են հանգուցալուծման: Ավելի շուտ` կտանեն հանգուցալուծման, եթե վերջապես Պոլսո հայ համայնքն, ի դեմս կրոնական ժողովի (հոգեւոր խորհրդի) եւ աթոռակից պատրիարքի ընտրության նախաձեռնող հանձնաժողովի, փոխհամաձայնեցված որոշում կայացնի` պատրիարքի, թե՞ աթոռակից պատրիարքի ընտրություններ են անցկացվելու: Այս մասին բավական հանգամանալից հեռախոսազրույց ունեցանք Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանի հետ, որը նաեւ չխուսափեց անդրադարձ անել հայ-թուրքական Արձանագրությունների` զույգ երկրների խորհրդարաններում վավերացման թեմային, նախագահներ Սարգսյանի եւ Գյուլի վերջին ինքնաթիռային ուղերձներին, ապա եւ մանրամասն ներկայացրեց պատրիարքական ընտրությունների շուրջը ստեղծված վիճակի ներկա պահը. «Այս պահի դրությամբ երկու երկրների խորհրդարաններում Արձանագրությունների մոտակա վավերացումն ըստ երեւույթին բացառված է, որովհետեւ քաղաքական մթնոլորտը բավականին շիկացած է, լարվածություններ եւ խոր տարաձայնություններ են առաջացել, որոնք այնպիսի վիճակների են հանգեցրել, որ կողմերն ուզում են պատրվակներ ունենալ ոչ թե իրարու հետ հարաբերությունները կարգավորելու, այլ նաեւ աշխարհի շահագրգիռ երրորդ պետություններին համոզելու, թե գործընթացի ձախողման պատասխանատվությունն իրենց չի պատկանում, այլՙ դիմացի կողմին: Հիմա այսպիսի իրավիճակ է: Ըստ երեւույթին` հայկական կողմը փորձում է ավելի հանգիստ վերաբերվել իրադարձություններին. այսօր (երեկ-Մ.Խ.) պարոն Սերժ Սարգսյանի` Գյուլին ուղարկած ուղերձում զգացվում էր նույն այդ երկարաժամկետ նպատակներ հետապնդելու պատրաստակամությունը: Դրա փոխարեն թուրքական կողմն ըստ երեւույթին ավելի բարդ հավասարակշռություններ ունի այս պահի դրությամբ, որովհետեւ թե՛ նրա միջազգային պատասխանատվությունները, թե՛ ներքին լսարանում առկա համոզումները կամ մոտեցումները թուրք-ադրբեջանական հարաբերություններին, թե՛ Միացյալ Նահանգների Կոնգրեսում նոր հայկական բանաձեւի շրջանառության մեջ դրված լինելու պարագան` այս բոլոր գործոններն արդեն առաջիկա շրջանում վերջնականորեն կձեւավորեն թուրքական կողմի մոտեցումները: Թուրքիան էլ է ընդունում այսօր, որ հարցն ունի տարածաշրջանային նշանակություն, Իրանը շուտով ուրանի հարստացման ծրագիրն է սկսում գործնականում կյանքի կոչել, Ուկրաինայում Յանուկովիչի ընտրվելով մի ավելի ռուսամետ իշխանության գլուխ գալը հավանական դարձավ արդեն, այդ պարագային էներգետիկ քաղաքականության վրա ռուսական ազդեցությունն Ուկրաինայի աջակցությամբ է զորանում նաեւ, եւ այդ բոլոր հավասարակակշռությունների մեջ Թուրքիան արդեն պետք է վերաձեւավորի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Այդ ամբողջի մեջ էլ, ըստ երեւույթին, Թուրքիան պետք է որոշումներ կայացնի Հայաստանի վերաբերյալ խնդիրներում», ասաց Արա Քոչունյանը :

Նրա համոզմամբ` Պոլսո հայոց պատրիարքական ընտրությունների հարցը պետք է ունենա մեր եկեղեցական ավանդույթի համապատասխան լուծում. «Պոլսո պատրիարքական աթոռի պատմության մեջ մինչեւ օրս աթոռակից պատրիարքի երեւույթ չի եղել: Աթոռակցության երեւույթը մեզ համար մի մեծ թերի է լինելու, եւ գործնականում համայնքը պիտի չկարողանա միջանկյալ ժամանակահատվածից դուրս գալ, որովհետեւ արդեն պատրիարքը գործնականում չի կարողանա իր պաշտոնը կատարել: Հետեւաբար մեզ համար անհրաժեշտ է նոր պատրիարք ունենալ, որպեսզի համայնքային կյանքը բնականոն հունի մեջ ընկնի:

Վստահ եմ, որ մարդկանց առողջ դատողությունը կհաղթի, եւ այս պրոցեսն էլ կունենա իր տրամաբանական լուծումը: Կան հնարավորություններ` կարելի է եկեղեցական համագումար անել, ուրիշ այլընտրանքներ, մի խոսքովՙ ինչ-որ մեխանիզմներ հնարավոր է շարժման դնել եւ հաղթահարել ստեղծված բարդ կացությունը»:

Արա Քոչունյանի հետ «Ազգի» հարցազրույցն իր եկեղեցապատրիարքական մասով ամբողջությամբ կարդացեք մեր վաղվա համարում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4