Մշակույթի բնագավառում պետական մրցանակներից հետո կարելի է ասել, որ հաջորդ կարեւոր մրցանակաբաշխությունը «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն է, որը կազմակերպում է Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը (ՀԹՄ): ՀԹՄ-ն կարեւոր ներդրում ունի մշակութային արժեքների պահպանման գործում, եւ դրա վառ օրինակը հենց այս մրցանակաբաշխությունն է: Երեկ Թեքեյան կենտրոնում` հանդիսավոր արարողության ժամանակ, արդեն պարզ դարձան հաղթողների անունները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնական շատ անձինք, ինչպես նաեւ գրողներ, երաժիշտներ, դերասաններ:
Մրցանակների շնորհման արարողությունը սկսվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով եւ օրհնությամբ: Ապա բացման խոսքով հանդես եկավ ՀԹՄ-ի նախագահ Ռուբեն Միրզախանյանը. «Թեքեյան մշակութային միությունն այս մրցանակաբաշխությամբ նպատակ ունի խրախուսել եւ սփյուռքի, եւ Հայաստանի նվիրյալ ստեղծագործողներին: Թեքեյանցիները միշտ էլ բարձր են գնահատել ազգային մշակույթն ու նրա նվիրյալներին»: Այնուհետեւ Ռուբեն Միրզախանյանը հրապարակեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության 9 անվանակարգերում հաղթող մասնակիցների անունները, եւ շնորհավորեց դափնեկիրներին:
Օրերս լրացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի 50-ամյակը, եւ Ռուբեն Միրզախանյանը այդ առիթով շնորհավորեց նաեւ ՀՀ վարչապետին, եւ նրան հանձնեց Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւը` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը` մշակութային կյանքին Տիգրան Սարգսյանի ցուցաբերած մեծ աջակցության համար Վարչապետ Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսք ասաց: «Շնորհակալ եմ պարգեւի համար,- ասաց վարչապետն ու շարունակեց,- կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ բոլոր դափնեկիրներին այս բարձր պարգեւները ստանալու համար: Այսօր մի տեսակ խորհրդավոր օր է , քանի որ այսօր մենք նշեցինք նաեւ Վահան Տերյանի 125-ամյակը: Վահան Տերյանն ապրել է շատ կարճ կյանք, բայց թողել է մի այնպիսի ժառանգություն, որ 125 տարի անց մենք հպարտանում ենք, որ նա մեր հայրենակիցն էր: Ընդհանրապես պոեզիան ունի մի բացառիկ առանձնահակություն. պոետը կենդանի է այնքան ժամանակ, որքան ժամանակ նա ունի իր ընթերցողը, նա կենդանի է, որովհետեւ դա արվեստի միակ ձեւն է, որը ենթադրում է առանց միջնորդի շփում ընթերցողի եւ պոետի միջեւ: Այսօր հոգեւորը, ազգայինն ու մշակութայինը միավորվել են այսօր: Պատահականություն չէ, որ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության օրն ու Վահան Տերյանի ծննդյան օրը համընկան: Այս տարի փետրվարի 9-ը, իսկապես, դարձավ հայ մշակույթի հիշարժան օրերից մեկը»:
Տիգրան Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ պետական քաղաքական գործչի հոգեւոր կերպարին. «Տերյանի մասին Չարենցն ասել է. «Տերյանը մի ամբողջ քաղաքակրթություն է», մենք այսօր արդյոք այդ քաղաքակրթության կրողնե՞րն ենք, արդյոք մենք պայքարում ենք մեր ազգային ինքնության համար: Քաղաքական գործիչը չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, այլ պետք է լինի կրթված, հոգեւոր, ազգային արժեքներով ապրող մարդ, եւ կարծես թե այս աքսիոմը դեռեւս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որը ոչ միայն ընդունում է այս թեզը, այլ ապրում դրանով»:
ՀՀ վարչապետի երախտիքի խոսքից հետո սկսվեց մրցանակների հանձնման արարողությունը: «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում մրցանակ ստացավ Հրաչյա Թամրազյանը ` «Մայր Հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար: Ժողովածուն ներկայացնում է մարդու եւ բնության կապը: «Ինձ համար այս մրցանակն ունի խորհրդանշական նշանակություն, քանի որ ես հիմա խրված եմ գիտական ու վարչական աշխատանքի մեջ, ապա սա ինձ կօգնի չկտրվել բանաստեղծական կենարար ակունքից, կօգնի գիտական աշխատանքին եւս մոտենալ ստեղծագործաբար», - ասաց Հրաչյա Թամրազյանը: «Գեղանկարչություն» անվանակարգում մրցանակ ստացավ երիտասարդ ստեղծագործող Սրապիոն Դանիելյանը ` « Գաղթ» գեղանկարի համար:
Յուրաքանչյուր հաղթող ստացավ 1000 դոլարին համարժեք դրամ, ինչպես նաեւ հուշատախտակ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կողմից: Երեկոն իր հաճելի երաժշտությամբ զարդարում էր Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ ջազ նվագախումբը` ղեկավարությամբ Երվանդ Երզնկյանի , իսկ դաշնամուրի մոտ էր Մարտին Վարդազարյանը :
«Քանդակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լեւոն Թոքմաջյանը , ով ժյուրիի դատին էր ներկայացրել «Վահան Թեքեյան» բրոնզե քանդակը: «Այս մրցանակը եղավ իմ երկար տարիների աշխատանքի արժեքավորումը: Դեռ 90-ական թվականներից ես ստեղծել եմ Վահան Թեքեյանի կերպարը, եւ այս գործս ասում է այն մասին, որ ես նվիրված եմ այդ բանաստեղծին, ուզում եմ, որ ինչ-որ մի ձեւով նրա ներկայությունը լինի Հայաստանում»,- նկատեց Լեւոն Թոքմաջյանը: «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում մրցանակը տրվեց Լուսինե Նազարյանին «Արմատներ» հաղորդաշարի, իսկ «Երաժշտություն» անվանակարգում Վահրամ Բաբայանին ` «Լարային կվարտետ թ.7» ստեղծագործության համար: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ունի շատ կարեւոր մի անվանակարգ, որը մերօրյա տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ գրեթե չես հանդիպում. դա «Արա-Մարալ» մանկապատանեկան ստեղծագործություններ անվանակարգն է: Թեքեյանցիները բարձր են գնահատում այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց վրա են վերցրել մանուկներին դաստիարակելու ու կրթելու նվիրյալ առաքելությունը: Այս տարի Նյու Յորքից Սիլվա Տեր-Ստեփանյանի հաստատած «Արա-Մարալ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Երվանդ Մանարյանին , ով փոքրիկ ու շատերի կողմից անգամ չնկատված «Ագուլիս» տիկնիկային թատրոնում տարիներ շարունակ կրթում ու դաստիարկում է հազարավոր երեխաների: «Թատրոն» անվանակարգում մրցանակ ստացավ Նարինե Մալյանը ` «Պատմություններ գնացքում» ներկայացման համար:
«Հպարտ եմ, որ այս մրցանակը ստացավ Հենրիկ Մալյանի անվան թատրոնը: Ներկայացումն արված է Վիլյամ Սարոյանի պատմվածքների մոտիվներով: Մեր թատրոնը կարողացավ ե՛ւ հայրենիքում, ե՛ւ հայրենիքի սահմաններից դուրս ապացուցել, որ ամենակարեւորը մշակույթում դա ազգային հիմքն է».- ասաց Նարինե Մալյանը: Այս տարի, դարձյալ Նյու Յորքից Իրմա Տեր-Ստեփանյանի հաստատած «Դավիթի պարսատիկեն» «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգում մրցանակն ստացավ Սամվել Բաղդասարյանը , ով ներկայացրել էր «Ականջդ կանչի՛, Մա՛յր Հայաստան» ներկայացումը; Հայաստանի Թեքեյան միության այս մրցանակը ուղղված է մեր իրականության մեջ խթանելու սոցիալ-քաղաքական երգիծանք ժանրի զարգացումը, ինչն այսօր կանգ է առել:
Եվ վերջում Նյու Յորքից Հակոբ Վարդիվառյանի հաստատած «Գերսամ Ահարոնյան» մրցանակն ստացավ «Ազգ» օրաթերթի լրագրող Մելանյա Բադալյանը նույն օրաթերթում լավագույն հրապարակում անվանակարգում` 2008 թվականի մշակութային իր լավագույն հրապարակումների համար: Ջերմ ու ոգեւորված ելույթ ունեցավ Հակոբ Վարդիվառյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ