Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ երեկ տերյանասեր հասարակությունը հավաքվել էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, որտեղ ամփոփված է բանաստեղծի աճյունը: Հայոց Մեծերի պանթեոնում կազմակերպվել էր Վահան Տերյանին նվիրված միջոցառում, որին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնական շատ անձիք, ինչպես նաեւ գրողներ, մանկավարժներ, աշակերտներ, ովքեր եկել էին բանաստեղծի հանդեպ ունեցած իրենց նվիրումն ու սերն արտահայտելու:
«Ընդամենը մեկ ու կես տասնամյակ ստեղծագործելով` Վահան Տերյանը մեծ ճանապարհ բացեց հայ պոեզիայի համար, եւ այսօր մենք պետք է արժանին մատուցենք բանաստեղծին: Մեծերը կա՛մ ամփոփում են անցած գրականությունը, կա՛մ իրենց մեծությամբ նոր ուղի բացում գրականության մեջ, եւ Տերյանը իսկապես նոր ճանապարհ բացեց հայ գրականության մեջ: Նա հայ գրականությունը բարձրացրեց համաշխարհային, համամարդկային մակարդակի` պոետիկ հերոս դարձնելով իրեն, ով կարծում եմ կապրի հավերժ»,- ասաց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը :
«Վահան Տերյանը հիմք դրեց պոետական մի նոր դպրոցի, որը այսօր էլ` 100 տարի անց նոր շունչ ու ոգի է տալիս հայկական պոեզիային: Տերյանը հատկապես սիրված է երիտասարդների կողմից», նկատեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը :
Տերյանը համարվում է սիրո բանաստեղծ, բայց միայն սիրո մասին չէ, որ գրել է Տերյանը, նա ունի նաեւ հայրենասիրական բանաստեղծություններ, որոնք լցված են ազգային ոգով ու հայրենասիրությամբ: Միջոցառումը սկսվեց Վահան Տերյանի անվան դպրոցի սաների երգով ու ասմունքով, հնչեցին Տերյանի բանաստեղծությունները, այդ խոսքերով գրված երգերը: Երախտիքի խոսք ասացին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը , գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Առուշան Հակոբյանը:
«Տերյանը հայ գրականության մեջ մտցրեց եվրոպական ու ռուսական տաղաչափական նոր ձեւերը, ինչպես նաեւ բանաստեղծական նոր ձեւ` սոնետը : Տերյանի մասին հիշողություններ չունեմ, քանի որ ես նրան չեմ տեսել, բայց Տերյանը վստահաբար կարող եմ ասել, որ եղել է ոչ թե թույլ բնավորությամբ մարդ, այլ շատ համարձակ ու պայքարող անհատականություն», - ասաց Վահան Տերյանի թոռը` Գրիգոր Էմին-Տերյանը :
2010-ը լինելու է Տերյանական տարի, եւ պանթեոնում եղավ տերյանական միջոցառումների մեկնարկը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ