«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2010-02-09 | #22, 2010-02-10 | #23, 2010-02-11


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը , նշելով, որ մարտի մեկը մեր ընդհանուր ցավն է, շեշտեց. «Երբեք չպետք է թույլ տալ, որ այն դառնա գործիք` Հայաստանից քաղաքական զիջումներ կորզելու համար»: Սակայն ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարը հատուկ զեկույց է պատրաստել, որտեղ հենց խոսվում է, որ մարտի մեկի իրադարձություններն անցել են հայկական բանակի միջամտությամբ, եւ եթե այդ փաստաթուղթը հաստատվի, ապա, թերեւս, կարող է դառնալ Հայաստանին ճնշելու գործիք: «Բայց նաեւ մեր մեղքն է, որ մենք մինչեւ օրս շատ հարցերի պատասխաններ չենք տալիս,- շարունակեց Հարությունյանը,- սրանով մենք հնարավորություն ենք տալիս, որ այդպիսի հարցադրումներ լինեն, եւ եթե մենք պատասխաններ չգտնենք, ապա չենք կարող կանխել դա: Իսկ քանի դեռ չենք գտել, միշտ էլ նման հնարավորություններ կլինեն տարբեր միջազգային ատյաններում»: Պաշտպանը նկատեց նաեւ, որ մեզանից է պետք «նեղանալ», որ նման փաստաթղթի ընդունման հնարավորություն կա, ոչ թե «դրսից». «Մենք ենք, որ պարտավոր ենք պատասխանել ցավոտ հարցերին, բայց չենք արել դա», շեշտեց Հարությունյանը:

Իսկ արդյոք իշխանություններն ունե՞ն համապատասխան կամք` պատասխանելու «այդ հարցերին». ըստ պաշտպանիՙ միայն ուժեղ ցանկության դեպքում կարելի է տեսնել այդ կամքը. «Սակայն այդ պարագայում ես կդառնամ ոչ թե օմբուդսմեն, այլ իշխանամետ գործիչ, իսկ որպես օմբուդսմեն` ես նայում եմ եւ այդ կամքը չեմ տեսնում: Երբ որպես չեզոք անձ եմ նայում, ոչինչ չեմ տեսնում, սակայն, եթե շատ ցանկանամ, որոշ երեւույթներ կտեսնեմ, բայց դրանք այնքան քիչ են, որ չեմ էլ ուզում տեսնել: Պետք է երեւույթներն այնքան հստակ լինեն, որ օբյեկտիվորեն ես չկարողանամ չտեսնել», ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանը:

Վերջում Հարությունյանն անդրադարձավ վերջերս հաճախ արծարծվող իրեն` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու մասին լուրերին. «Նման առաջարկ չի եղել: Եվ մի քիչ դա չեմ կարողանում պատկերացնել, թե ինչո՞ւ օմբուդսմենը, ժամկետը չլրացած, պետք է գնա եւ գլխավոր դատախազ աշխատի: Դա ինչ-որ տեղ բոլոր նախորդ իմ արածների վրա ստվեր է գցում: Ես չեմ էլ ուզում մտածել այդ ուղղությամբ», ընդգծեց պաշտպանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4