Կոչ է անում Դավութօղլուն տարածաշրջանի երկրներին
«Անկարան ունի բավարար քաղաքական կամք Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղազախստան ուղեւորվելու ճանապարհին (հիշեցնենքՙ այդ երկիրն է ստանձնել ԵԱՀԿ-ում նախագահությունը-Հ.Ա.): Կոնկրետ հայ-թուրքական գործընթացների հետ կապված Դավութօղլուն ընդգծել է, թե «մոտ ապագայում սպասվում են լուրջ քայլեր այդ ուղղությամբ»: Միջազգային հանրությունը, թուրք բարձաստիճան դիվանագետի խոսքերով, շարունակում է օժանդակել այս գործընթացին. «Ուստի մենք կոչ ենք անում տարածաշրջանի երկրներին եւ բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են խաղաղության եւ կայունության ստեղծմամբ տարածաշրջանում` եկեք բոլորս կատարենք մեր պարտականությունները: Կրկնում եմ` Թուրքիան դրա համար ունի բավարար քաղաքական կամք», շեշտել է Դավութօղլուն: Սակայն Դավութօղլուի ասած «Թուրքիայի բավարար քաղաքական կամքը»` առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները եւ դրանցում չտեսնել այլ երկրների շահեր, այնքան էլ տեսանելի չէ` համենայն դեպս առայժմ:
Հ. Ա.